Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ

Մանրամասներ
5

Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից` նշելով, որ ձերբակալվածներ կան ինչպես «Մայր Հայաստան» դաշինքից, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից:

Խուզարկություններն ու ձերբակալությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում՝ հավելել են կոմիտեից:

Անդրադառնալով ավագանու անդամին Հակակոռուպցիոն կոմիտե բիրտ ուժով բերելու լուրին՝ կոմիտեից նշեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված բոլոր հարցերի առնչությամբ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, որը ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:

 Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

 Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում։ Այս մասին հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքը։

Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ:

«Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:

Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր. «Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»: