Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո:
«Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»:
Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված չէ։
«Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։
«Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։
0Comments