«Հրապարակ» թերթը գրել է.
Միանգամից ասենք, որ այս հրապարակման հիմքում առկա տեղեկությունների արտահոսքը կապ չունի Հովիկ Աղազարյանի հետ։ Նա ընդհանրապես ներկա չի եղել այն հավաքներին, որոնց մասին խոսելու ենք։
Ուրեմն. անցած շաբաթ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է Ոստիկանության կրթահամալիրի եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների, աշխատակիցների, ուսանողների հետ։ Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով փոփոխվեցին մի շարք օրենքներ, եւ նշված բուհերը միավորվելով՝ ձեւավորելու են ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։ Ըստ ՔՊ-ականների, նպատակն է՝ ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել։ Հենց սա է ասել Արփինե Սարգսյանը նշված հանդիպումներում։
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նորաթուխ նախարարը գեղեցիկ բառեր է օգտագործել՝ հանրային անվտանգություն, ինստիտուցիոնալ մոտեցում, պրակտիկ եւ չափելի արդյունք, որակյալ կրթություն եւ այլն, բայց դրանք ընդամենը ծխածածկույթ են, քող` թաքցնելու իրականությունը։ Նախարարն ասել է՝ որոշումը կայացված է, միավորումը լինելու է, ով համաձայն չէ՝ խնդիր չկա։ Սա նշանակում է` կա՛մ վերանայեք ձեր մոտեցումներն ու աշխատեք, կա՛մ հեռացեք, քանի դեռ չենք հեռացրել։
Նախարարն ուղիղ խոսքով չի ասել, բայց նրա խոսքից մարդիկ եզրակացրել են, որ 2025-2026 թթ․ ուսումնական տարվանից, նոր ձեւավորված կրթահամալիրում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագիրը պետպատվերով տեղեր չի ունենա։ Կրթահամալիրը կարող է ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության եւ սրանց առնչվող ոլորտների մասնագետների, հրշեջ-փրկարարների վճարովի կրթություն կազմակերպել։ Եթե, իհարկե, լինեն դիմորդներ։ Հիշեցնենք, որ անցած տարի որոշվեց, եւ 2023-2024 ուստարվանից պետպատվերով տեղեր չկան Ոստիկանության ակադեմիայում։ Կրթահամալիրը կարող է ոստիկանի վճարովի կրթություն կազմակերպել։ Եթե, իհարկե, լինեն դիմորդներ։ Պետությունը չի ուզում ոստիկան եւ փրկարար կրթելու համար փող ծախսել։ Փաստորեն, թավշյա Հայաստանին պետք չեն կրթված ոստիկաններ եւ փրկարարներ։
Նախարարն ասել է, որ կրճատումներ չեն լինելու։ Բայց եթե ընդունելություն չի լինելու, այսինքն՝ ուսանողների քանակը գնալով նվազելու է, ապա պարզ է, որ տարեցտարի նվազելու է նաեւ դասախոսների աշխատանքը։ Ուրեմն կրճատում չի լինի 2025-ի հունվարին, բայց կլինի 2025-2026 ուստարվա դասաժամերը հաստատելիս՝ 2025-ի մայիս-հունիսին, մի 5-6 ամսից։
Առավել զարմանալի, եթե չասենք՝ արտառոց, մի բան է եղել այս հավաքների ժամանակ։ Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հավաքներին տեսակապով հետեւել են ինչ-որ մարդիկ՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Այսինքն, օտարերկրացիներ։ Հետեւել են բացահայտ` դահլիճում մեծ էկրաններ են եղել։ Նախարարն ասել է, որ տեսակապով միացածները միջազգային գործընկերներ են։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, դիվանագետին ոչ բնորոշ ակտիվությամբ, շատ հաճախ է լինում ՆԳՆ-ում, եւ այդ ակտիվությունն առավել աճել է Արփինե Սարգսյանի նշանակումից հետո։
Չի բացառվում, որ ՆԳՆ ներքին, ընթացիկ խնդիրների քննարկմանն էլ են արդեն հետեւում հենց ամերիկացիները։ Սա նշանակում է, որ մեր երկիրն անցել է համատեղ կառավարման` հայ-ամերիկյան իշխանություն է ձեւավորվել: Եվ քանի որ ամերիկացիներն այնքան էլ չեն վստահում թավշյաներին, առաջ եթե փակ դռների ետեւում էին հրահանգավորում, հիմա արդեն բացահայտորեն են վերահսկում եւ մասնակցում երկրի, այդ թվում` ներքին գործերի համակարգի կառավարմանը: Արդեն անգամ չեն թաքցնում եւ ողջ համակարգի առաջ բացահայտորեն ցույց են տալիս, թե ով է իրականում ղեկավարում Հայաստանը։
Մի բան էլ պատմեց մեր աղբյուրն այդ հավաքներից մեկից. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մի դասախոս՝ Հովակիմյան ազգանունով, սկսել է փնովել փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներում աշխատողներին։ Ի պատիվ Արփինե Սարգսյանի, նա երկու անգամ սաստել-դիտողություն է արել Հովակիմյանին, թե՝ մի վատաբանեք ձեր գործընկերներին, եթե դժգոհ եք արդյունքներից, աշխատանքի արդյունավետության բարձրացման քայլեր առաջարկեք։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ սույն Հովակիմյանը հիմա է պարզապես դասախոս, ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, այդ ընթացքում որդիներն ավարտել են բուհը եւ հոր կապերի շնորհիվ տեղավորվել փրկարար ծառայությունում։
Արփինե Սարգսյանն ասել է, որ ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում աշխատանքի են ընդունելու մրցույթով։ Բայց քանի որ վերջին վեցուկես տարում շինարարական բազմամիլիոնանոց ծրագրերի մրցույթները շահում են, որպես կանոն, պաշտոնյաների հարազատները, դժվար չէ կռահել, թե ովքեր են շահելու ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու մրցույթները։
Տիգրան Հովակիմյան
0Comments