ՊՆ-ում էլի «բառդակ» է․ շուրջ 100 բժիշկ չորս տարի է՝ զորակոչվել է «ֆեյք» ծառայության ու մինչ օրս չի զորացրվում․ Mediahub

Մանրամասներ
պն


Mediahub.am-ը գրում է․ 

Պաշտպանության նախարարությունը չորս տարի է՝ ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ցանկանում զորացրել այն շուրջ 100 բժիշկներին, որոնց զորակոչել էին ծառայության դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ու նրանք մինչև հիմա դեռ ծառայության են, այսպես ասած՝ «պոստ են պահում»։ 

Բանն այն է, որ այն ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով հանրապետության մի շարք բուժհաստատություններ պետք է վերածվեին զինվորական հոսպիտալների, նշանակվեին հրամանատարներ, և բժիշկներին էլ զորակոչեին այդ հոսպիտալներում իրենց կոնկրետ անձանց հրամանատարության ներքո ծառայություն իրականացնելու։ Բայց հիվանդանոցները հոսպիտալ չդարձան, հրամանատարներ չնշանակվեցին, իսկ, ահա, բժիշկները, որոնց թիվը, մեր տեղեկություններով, մոտ 100 է, թղթի վրա զորակոչվեցին ծառայության ու մինչև հիմա չեն զորացրվում։ Իսկ զորացրվելու դեպքում նրանք պետք է նաև իրենց ծառայության դիմաց օրենքով հասանելիք վարձատրությունն էլ ստանան, որը մինչ օրս չեն ստացել։

Այս թեմային մենք մոտ երկու տարի առաջ էլի էինք անդրադարձել, և այն ժամանակ ՊՆ-ից ասել էին, թե ուսումնասիրում են թեման, ինչ-որ ծառայողական քննություն պետք է նշանակեն և այլն, կարճ ասած՝ ցրել էին ու մինչ օրս ոչ մի բան չեն արել։ Հիմա էլ չեն անում։ Մեզ հասկացրին ՊՆ-ից, որ Սուրեն Պապիկյանն այս հարցի հետ կապ չունի, այլ կերպ ասած՝ «խեղճ Պապիկյանն ի՞նչ անի, էն նախկիններն են ստոագրել էդ հրամանը», այս դեպքում խոսքը իրենց իշխանության նախկինների, այսինքն՝ Դավիթ Տոնոյանի մասին է, ու հիմա Պապիկյանը չի ուզում կամ չի կարողանում, բայց ավելի շատ՝ չի ուզում զբաղվել այս հարցով և համապատասխան քայլեր ձեռնարկել, որ թղթի վրա «պոստ պահող» բժիշկները վերջապես զորացրվեն։ Կարելի է ասել՝ այս հարցում ևս բանակում «բառդակ» վիճակ է, չնայած իրենք շատ են նեղվում այդ բառից՝ մոռանալով և մոռացության մատնելով, իհարկե, իրենց ղեկավարած բանակում Ազատի զորամասի ողբերգական դեպքը, որը հենց «բառդակի» և վատ կառավարման հետևանք էր։ 

Հիմա սա էլ վարչական ու կազմակերպչական բնույթի բառդակի մասին է խոսում, որ չորս տարի է՝ մարդկանց օրենքով զորակոչել են ծառայության ու մինչ օրս չեն զորացրում, չեն էլ իմանում՝ ինչպես զորացրեն, ում վրա այս մեղքը բարդեն, գուցե չեն ցանկանում նաև օրենքով հասանելիք աշխատավարձը վճարեն, դրա համար մատը մատին չեն խփում, որ այս հարցը լուծեն։ Ու չեն մտածում, որ մի օր իրենց փոխարեն մեկ ուրիշը կգա, կուսումնասիրի և կսկսի զբաղվել այս հարցով՝ դրանից բխող իրավական հետևանքներով; 

Ինչևէ, մենք դիմեցինք ՊՆ-ին՝ պահանջելով հստակ պարզաբանում այս հարցով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը «պոստ պահող» բժիշկներին վերջապես զորացրելու հարցում, և ՊՆ-ի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տևական ժամանակ տանել-բերելուց, խոստանալ-չպատասխանելուց հետո վերջապես այսպիսի պատասխան փոխանցեց մեզ․ «Ձեր բարձրացրած հարցի առնչությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ կանցկացվի ծառայողական քննություն-ուսումնասիրություն, որի արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»։

Փաստորեն, չորս տարի անց նոր միայն, մեր բարձրացրած աղմուկից հետո պաշտպանության նախարարը որոշում է մատը մատին խփել և ծառայողական քննություն անցկացնել։ Այսինքն, եթե մենք այս հարցով չդիմեինք, որևէ մեկի մտքով ոչ էլ կանցներ զբաղվել այս հարցով։ Ու քանի որ մեր պետական գերատեսչություններն ու դրանց ղեկավարները սովորություն ունեն ծառայողական քննություն հայտարարել և տարիներով գործը թթվեցնել դարակներում՝ այդպես էլ որևէ արդյունքի մասին չտեղեկացնելով, մենք հետևողական կլինենք այս հարցում, որ անպայման ստանանք ծառայողական քննության արդյունքներն ու ամենակարևորը՝ ստանանք լուծում այս հարցին, որ շուրջ 100 բժիշկներ վերջապես զորացրվեն իրենց ֆեյք ծառայությունից։ Իսկ մինչ այս նախ կճշտենք՝ սկսե՞լ են, արդյոք, ծառայողական քննությունը, թե՞ ՊՆ-ի խոսնակն այս պատասխանը տվեց զուտ ցրելու համար թեման, որ մտածենք՝ զբաղվում են այս հարցով։

Վահե Մակարյան