ՀՀ Կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019թթ. ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Համաձայն ժամանակացույցի` 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվելու է հունիսի 1-10-ը: 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի կենտրոնացված ավարտական քննությունը կանցկացվի մայիսի 26-ին, ավարտական քննությունները` հունիսի 1-21-ը:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբերի 24-28-ը կամ հունիսի 1-21-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
«Այս տարի նորամուծություն ունենք, 9-րդ դասարանում լինելու է միասնական քննություն՝ հայոց լեզվից: Աշակերտները խիստ վերահսկողությամբ կհանձնեն քննությունը, և՝ ոչ իրենց դպրոցում: Լավ է, որ կենտրոնացված քննություն որոշեցին փորձել մի առարկայի դեպքում և 9-րդ դասարանում, որովհետև 12-րդ դասարանի պարագայում մեծ ռիսկ կար. եթե մեծ մասը կտրվեր՝ վերաքննության հնարավորություն պետք է տային, եթե դա էլ չստանային, կմնային նույն դասարանում ու բանակ չէին գնա:
Բացի բանակի խնդիրը՝ երեխային նույն դասարանում թողնելը ֆինանսական մեծ բեռ է պետության համար: Օրինակ, եթե 1000 հոգի մնար նույն դասարանում, նշանակում է, որ այդքան երեխայի ֆինանսավորում պետք է ավելացնեին: Մեկ երեխային ֆինանսավորելու համար 250 դոլար է անհրաժեշտ, տարեկան կկազմեր 250.000 դոլար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ քննությունը դպրոցական կրթության որակը չափելու լավագույն գործիքը չէ, քննությունների փոխարեն՝ կրթության որակը կարելի է ստուգել անակնկալ այցերի միջոցով:
«Հիմա շատերը պարապում են կրկնուսույցի մոտ: Մենք ուզում ենք հասկանալ դպրոցական կրթական մակարդակը, բայց եթե երեխան կրկնուսույցի մոտ պարապելուց հետո քննություն հանձնի՝ դպրոցի մակարդա՞կը կիմանանք, թե՞ դպրոց գնացած, բայց կրկնուսույցի մոտ տևական պարապած երեխայի գիտելիքը: Հնարավոր է՝ այդ երեխայի իրական գիտելիքը 5 միավոր է, սակայն գնացել է կրկնուսույցի մոտ ու ստացել 7 միավոր. հիմա մեր կրթության որակը 7-ն է, թե՞ 5-ը:
Դրա համար ես առաջարկում էի կրթության որակը ստուգել անակնկալ այցերի միջոցով: Գնահատման և թեստավորման կենտրոնից գնում են դպրոց ու երեխաներին թելադրություն են տալիս՝ տեսնելու հայոց լեզվի մակարդակը: Նման մոտեցումներն ավելի լավ ցույց կտան կրթության որակը: Իսկ այս քննությունների դեպքում կպարապեն, կգան: Միայն տուժելու են աղքատ երեխաները, ովքեր չեն կարողանալու կրկնուսույցի մոտ պարապել: Բայց եթե արդար քննություն լինի՝ 2000-3000 աշակերտ առնվազն կմնա նույն դասարանում»,- նկատեց կրթության փորձագետը:
Դիտարկմանը, թե 12-ամյա կրթության գնալու բացատրություններից մեկն այն էր, որ բացառելու են կրկնուսույցի հանգամանքը, բայց դա կարծես տեղի չունեցավ, արդյո՞ք չարժե հրաժարվել այս գաղափարից, Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կարևորը կրթության տևողությունը չէ:
«Եթե այս որակով կրթությունը 20-ամյա էլ դարձնենք՝ առանձնապես բան չի փոխվի, կարող է և ավելի վատանալ, եթե երեխաներն իմանան, որ 20 տարի պետք է սովորեն, հնարավոր է՝ ավելի վատ սովորեն: Հետևաբար՝ կարևորը տևողությունը չէ, բովանդակությունն ու մեթոդները վատն են, երկարաձգելն ավելի վատ է: Եթե մի տեղը ձեզ տհաճ լինի, սակայն ասեն, որ ավելի երկար պետք է մնաք, դա ավելի վատ չի՞ անդրադառնա: Նույնն այստեղ է: 10-ամյա կրթությունից 12-ամյա կրթության անցնելով՝ 20 տոկոսով ավելացրեցինք կրթության ֆինանսավորումը, երկու տարի ավելի շատ փող ենք տալիս, բայց չենք ստանում այդ 20 տոկոսանոց աճը»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո շատերի փայփայած հույսերին, թե վերջապես կվերանա այդ 12-ամյա կրթությունը, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ պատճառն այն է, որ կան միջազգային ցուցիչներ, որտեղ երկրների կրթության որակը չափվում է նաև տևողությամբ:
«Հիմա, եթե Հայաստանը նվազեցնի կրթության տևողությունը, մեր վիճակը կվատանա միջազգային ցուցիչներով, մյուս պատճառն այն է, որ ուսուցիչներ են կրճատվելու, ինչը լրացուցիչ լարվածություն կստեղծի: Ամբողջ աշխարհում ընդունված է, մեր նախարարությունը չի ուզում առանձնանալ, բայց այնպես չէ, որ 12-ամյա կրթությունը մեզ պարտադրված է: Երբեմն, երբ ասում են, թե դա Բոլոնիայի պահանջ է, սխալ է. չկա նման բան: 12-ամյա կրթության անցանք, քանի որ նյութը շատացել էր, պետք է հասցնեին սովորեցնել: Երեխաները ծանր նյութերը թեթև, դանդաղ պետք է անցնեին, բայց արդյունքում՝ այնքան նյութ խցկեցին, որ… ակադեմիական էգոիզմ է, ամեն մարդ ուզում է խցկել իր առարկան, բայց չեն հասկանում, թե ինչպե՞ս կարող է երեխան դա սովորել: Այժմ, երբ դասագրքերը թեթևացնելու են՝ լավ է, բայց որոշ խնդիր կստեղծի: Կարող է դասագրքի ամբողջականությունը խաթարվել»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:
0Comments