Իսրայելը դժվար թե կարողանա ինքնուրույն հաջող գործողություն իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Նման կարծիք է հայտնել Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Նրանց կարծիքով, առանց Վաշինգտոնի օգնության, իրանական միջուկային օբյեկտներին իսրայելական հիպոթետիկ մեկ հարվածը «չափազանց ռիսկային կլիներ և, լավագույն դեպքում, միայն կհետաձգեր ծրագրի իրականացումը» Թեհրանի կողմից: Իրանի հիմնական միջուկային բազաները գտնվում են Իսրայելից ավելի քան հազար մղոն հեռավորության վրա, և դրանց հասնելու համար իսրայելական ինքնաթիռները պետք է հատեն այնպիսի երկրների ինքնիշխան օդային տարածքը, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Իրաքը, Սիրիան և, հնարավոր է, Թուրքիան:
Ավելին, ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտական ծառայության (CRS) զեկույցի համաձայն, իսրայելական ռազմաօդային ուժերի օդանավերը դեպի թիրախներ և հակառակ ուղղությամբ թռչելը կպահանջի «օգտագործել Իսրայելի օդ-օդ վերալիցքավորման բոլոր հնարավորությունները՝ գործնականում սխալի որևէ տեղ չթողնելով»: CRS-ի հաշվարկներով, գործողությունը կպահանջի մոտ 100 ինքնաթիռ:
Իսրայելի համար ամենամեծ խնդիրը, սակայն, կլինի Իրանի միջուկային վառելիքի հարստացման երկու հիմնական օբյեկտների ոչնչացումը: Նաթանզի գործարանը խորը գետնի տակ է, իսկ Ֆորդոյի երկրորդ ամենամեծ գործարանը գտնվում է ժայռերի տակ: Նրանց ոչնչացնելու համար անհրաժեշտ կլինի զենք, որը կարող է ճեղքել մի քանի տասնյակ մետր քար և երկաթբետոն:
0Comments