Հայաստանն ամեն ինչ անում է Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար

Զեյնալյանն ասել է, որ Կարեն Ղազարյանը անօրինական է կալանավորված

Հայաստանը օգտագործում է իր բոլոր քաղաքական եւ հումանիտար գործիքները, որպեսզի հայրենիք վերադարձնի Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում  հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։

Նախարարի խոսքերով, հայկական կողմը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել։

«Այժմ այդ բողոքը դիտարկվում է։ Հայաստանը կտեղեկացվի եւ կներգրավվի գործում՝ որպես երրորդ կողմ։ Հայաստանի կառավարությունը օգտագործում է դիվանագիտական եւ հումանիտար բոլոր գործիքները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը ապահովվի եւ երաշխավորվի։ Արվում է հնարավոր ամեն բան նաեւ Հայաստան նրա վերադարձի համար»,- ասել է Զեյնալյանը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հրաժարվել է փոխանակման առաջարկությունից, քանի որ Հայաստանում չկան նման կարգավիճակով Ադրբեջանի քաղաքացիներ։

 Զեյնալյանն ասել է, որ Կարեն Ղազարյանը անօրինական է կալանավորված։