Խորհրդրանում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին։
«Ես այստեղ անուններ չեմ հնչեցնելու, որովհետև հակված եմ գնահատական տալ միայն երևույթին, որպեսզի զերծ մնանք որևէ շահարկումներից: Սա կարող էր համարվել մի սովորական խուլիգանություն, բայց ստացավ այդ հանրային մեծ հնչեղությունը, և դա ունի իր պատճառները, վերջիվերջո մենք գիտենք, չէ՞, որ ինչ-որ մեկին աղբարկղ նետելն մեզ մոտ նոր բան չէ։ Փոխադարձ անհանդուրժողականության հողի վրա ծնված և իրականացված այդ գործողությունների տեսագրումը և դրա հրապարակումը համարում եմ դատապարտելի»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն, ըստ Սահմանադրության, իրավական պետություն է, որտեղ երաշխավորված են մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, ազատ խոսքի և արտահայտման իրավունքը. «Սրանք նաև միջազգային պարտավորություններով երաշխավորված իրավունքներ են, և այս իրավունքների դեմ կատարած ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և իրենից ենթադրում է ոչ օրինակելի հասարակական վարքագիծ։ Փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության նման դրսևորումները կարող են ունենալ պատճառահետևանքային այլ զարգացումներ, որը հաստատ չի նպաստելու իրավունքի գերակայությանը, հանրային համերաշխությանը և ազատ քաղհասարակության զարգացմանը»։
Սամսոնյանի կարծիքով՝ այս ամենի մեջ մեղավոր են բոլորը. «Մենք լայքում և սրտիկում ենք ատելություն քարոզող գրառումները, մենք ստեղծում և խրախուսում ենք ատելություն քարոզող ֆեյքեր, ծափ ենք տալիս բռնությունը արդարացնող դուխով տղերքին, սոցիալական հարթակում հայհոյանք և վիրավորանք ցփնող պաշտոնյաներին կարգի չենք հրավիրում:Մենք զվարճանում ենք մարդու արժանապատվությունը նվաստացնող այն ամբողջ աղբով, որը լցված է համացանցում»։
ԼՀԿ պատգամավորը կոչ արեց դահլիճում նստած պատգամավորներին, ինչպես նաև դրսում լսողներին դադարեցնել հանրային տարբեր հարթակներից անհանդուրժողականության ալիքը մեծացնող մանիպուլյացիաները, փոխադարձ սպառնալիքները, սոցցանցային խուլիգանությունը:
Աղբյուր` Panorama.am
0Comments