Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասնակիցներին բաց են թողել

Նարեկ Մալյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ինքը կանխատեսել էր այդ հարձակումը

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունից NEWS.am–ին  հայտնում են, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ կեսգիշերին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա նաեւ հայտարարել է, որ  մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:

Նարեկ Մալյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ինքը  կանխատեսել էր այդ հարձակումը:

«Կանխատեսել էի, որ կսպառվի ապուշների զինանոցը և իրենք գործի կդնեն իրենց ապուշության գագաթնակետը, այսինքն՝ բռնության կդիմեն»,–ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր նա։

Մալյանը նաև հայտնեց, որ ոստիկանությունում իրեն համոզում էին, որ ցուցմունք տա, որ իրեն ծեծել են:

«Բայց ինձ չեն ծեծել: 14 հոգով ոչինչ չեն արել»,- ասաց նա:

Մալյանը հայտարարեց, որ այսօր ԵՊՀ շենքի դիմաց կազմակերպելու են «Սորոսի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: «Իրենց հանրային աջակցությունը հավասարվել է զրոյի, արդեն չկա, և իրենք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հույսերով»,- ասաց նա: