Գործող կառավարությունը նպաստում է Ադրբեջանի մաքրմանը ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից

Հայկական կողմը պահում է Դուշանբեի պայմանավորվածխությունները, մինչդեռ ադրբեջանական կողմը ամրացնում է իր դիրքերը սահմանին

Կառավարության 2018 թվականի ծրագրում խոստացվել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, սակայն մեկ տարի հետո խոստացված քայլերի մեջ որեւէ առաջընթաց չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ որքան էլ վարչապետը փորձում է հանրային քննարկումների դաշտում կենդանի պահել այս խոստումը, սակայն ընթացքում ընդունված որեւէ հայտարարության մեջ, երեք արտգործնախարարական եւ երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումներում այս թեման մի թիզ անգամ առաջ չի գնացել:

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, Արմեն Աշոտյանի համոզմամբ, այս մեկ տարվա ընթացքում առաջ է եկել նաեւ երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր մի խնդիր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման կարեւորությանը անդրադարձել են 2018 թվականի փետրվարի իրենց պաշտոնական հայտարարության մեջ, այն  է՝ գործող իշխանության օրոք  համանախագահների ոչ մի պաշտոնական հայտարարություն չի անդրադառնում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը, իսկ այս պարտավորություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էր ապրիլյան պատերազմից հետո: Հրաժարվել այս պարտավորությունների կատարումը պաշտոնական հաղորդագրությունների մեջ ներառելուց, նշանակում է նպաստել Ադրբեջանի մաքրմանը ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից, որը, գործող կառավարության կարեւորագույն բացթողումներից է»։

Աշոտյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ անգամ է անդրադարձել այս պարտավորություններին, այն էլ ստիպված. «Վարչապետ Փաշինյանը, երբ մասնակցում էր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկմանը, մեկ անգամ, իր ելույթի վերջում հպանցիկ անդրադարձել է այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությանը որպես հետեւանք, քանի որ վարչապետի տեքստը հենց տեղում փոխվել է վերջում որպես արձագանք Ալիեւի հայտարարություններին»։

Նա պնդում է, եթե գործող կառավարությունը խուսափում է այս պարտավորությունների վրա շեշտը դնելուց եւ տուրք է տալիս «վերելակային դիվանագիտությանը, ապա պետք է սպասել նաեւ, որ այս վերելակային դիվանագիտությունը կունենա իր վայրէջքը»։

Աշոտյանը շեշտեց՝ ահազանգեր է ստանում, որ հայկական կողմը պահում է «Դուշանբեի պայմանավորվածխությունները, մինչդեռ ադրբեջանական կողմը ամրացնում է իր դիրքերը սահմանին»։