ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում, երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպմանը, պատանդների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու անընդունակության պատասխանատվությունը բարդել է ՀԱՄԱՍ-ի վրա։
Ըստ Բլինքենի՝ ՀԱՄԱՍ-ն է միակ պատճառը, որ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվում։ Հակառակ պետքարտուղարի՝ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ վերջերս հնչեցրած քննադատության՝ նա այժմ Գազայում խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին:
Հերցոգն իր հերթին բավականին կոշտ է արտահայտվել Իսրայելի առաջնորդների ձերբակալման օրդեր հանձնելու՝ Հաագայի միջազգային քրեական դատարանի նախաձեռնության առնչությամբ։
«Մեր թշնամիները և նրանց աջակցողները փորձում են տապալել ամբողջ գործընթացը՝ օգտագործելով միջազգային իրավական հարթակները։ Մինչդեռ դրանք ստեղծվել են խաղաղության ձգտող և ժամանակակից աշխարհում արդիական արժեքներին ու նորմերին հավատարիմ համաշխարհային կարգ հաստատելու համար: Սա հատկապես վերաբերում է Միջազգային քրեական դատարանում ձեռնարկվող ջանքերին»,- հայտարարել է Իսրայելի նախագահը:
Նա հավելել է, որ Իսրայելի դեմ ՄՔԴ-ի օգտագործումն ակնհայտ սպառնալիք է ժողովրդավար, ազատ և խաղաղասեր երկրների համար, որոնք հետևում են միջազգային իրավունքին: «Մեր բոլոր դաշնակիցներին և բարեկամներին կոչ եմ անում մերժելու ցանկացած նման ջանք»,- ասել է Իցհակ Հերցոգ։
0Comments