Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանների գործողությունների արդյունքում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված կյասկածյալը չի կարողացել փախչել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախչել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից»:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ է՝ 48 տարեկան:
0Comments