Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծում

Այն մասնակցելու է ԱՀ ԱԺ ընտրություններին

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ Արցախի պահպանողական կուսակցություն: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, 

Սիրելի՛ արցախցիներ,

Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս և ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին: 

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից: 
Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները: 

Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին:

Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման և զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ և մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում: 

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելու:

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:
Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:
Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ»: