Գուցե ինչ-որ փուլում ճնշումներ եղել են, սակայն մենք մեր կարծիքն ազատորեն արտահայտել ենք. Բագրատյան

Իհարկե ավելի շատ վստահ ենք եղել, որ ներկա կառավարությունն ավելի շատ ըմբռնումով կվերաբերվի մեր մոտեցումներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը համաձայն չէ, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դիտարկումն ուղղված էր ԲՀԿ–ին։

Նշենք, որ Լենա Նազարյանը հատնել էր, թե ընդդիմադիր գործընկերները կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ կառավարության ծրագիրը վատն էր, այլ այն պատճառով, որ գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել, գործել որպես ընդդիմադիր: 

«Բոլորվին այդպես չի եղել նաև մեր վերջին քվեարկությունը, նախորդի ժամանակ մենք նույնպես բոլոր կետերով վերլուծել ենք և նույնպես դեմ ենք քվեարկել, պարզ պատճառով, որ բնականաբար, եթե դու ընդդիմություն ես և քո ծրագիրը չի ընդգրկված իշխանության ծրագրերում դու չես կարող կողմ քվեարկել ծրագրին, որտեղ քո տեսլականը չկա»,- ասաց նա: 

Ըստ Բագրատյանի՝ կոնկրետ այս դեպքում իրենք 9 կենտով ներկայացրել են առաջարկները, բայց այլևս հնարավոր չէր ծրագիրը փոխել կամ լրացնել և ուստի չէին կարող կողմ քվեարկել այն տեսլականին, որ ներկայացված էր:
 
«Այսինքն՝ տիկին Նազարյանի այն կարծիքը, որ նախկինում միշտ ճնշումներ են եղել, հնարավոր է, որ ինչ-որ փուլում, ինչ-որ աստիճանում կուլիսային հարցերում եղել է նման բան, բայց մեզ՝ պատգամավորներիս, տեսանելի չի եղել այդ ճնշումը և մենք ազատորեն մեր կարծիքն արտահատել ենք և՛ նախորդ, և՛ ներկայիս  կառավարությունների ծրագրի վերաբերյալ: Իհարկե ավելի շատ վստահ ենք եղել, որ ներկա կառավարությունն ավելի շատ ըմբռնումով կվերաբերվի մեր մոտեցումներին, և իրապես այդպես է եղել, որովհետև եթե ուշադիր լինեիք, ԲՀԿ-ի առաջարկների վերաբերյալ Կառավարությունը, կարծես, որևէ հակափաստարկ չբերեց, իսկ լռությունը մենք համարում ենք համաձայնության նշան»,– ասաց նա: