Ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը որոշել գարնան առաջին օրն Աշտարակի ձորում դիմավորել

Սասուն Միքայելյանը որպես ԵԿՄ նախագահ՝ կառաջադրի իր թեկնածությունն այն ժամանակ, երբ տեղի կունենա համագումարը

«Հրապարակ» թերթը գրել էր, թե Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Մտադիր է շարունակել իր նախորդների ավանդույթները և գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, դիմավորել Աշտարակի ձորում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի «Ջաղացի քար» վայրում։ Իսկ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է, ու Միքայելյանը որոշել է 7 օր, 7 գիշեր միջոցառումների շարք կազմակերպել։

ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում՝ Սպարապետի կենդանության օրոք և նրա մահվանից հետո, իրենք գարնան բացումը դիմավորել են Աշտարակի ձորում՝ «Ջաղացի քար» կոչվող վայրում:

«Մենք սա կոչում ենք Սպարապետի ավանդած գարնան բացում: Ամեն տարի մարտի մեկը դիմավորում ենք այդ վայրում: Ինքը որ ողջ էր՝ հաղթանակներից հետո առաջին անգամ այդտեղ անցկացրեց գարնան բացումը, և սա ավանդույթ դարձավ: Այս օրը երկրապահական ընտանիքի բոլոր բաժանմունքներից գալիս են, թարխուն, ձու, լավաշ ենք բերում, գինի ու նշում ենք»,- հաղորդեց Համլետ Հայրապետյանը:

ԵԿՄ վարչության փոխնախագահը հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը պատրաստվում են մեծ շուքով նշել, և նախաձեռնող խումբը ծրագրում է, թե ինչպես և որտեղ են միջոցառումներ լինելու:

«Շատ բարձր մակարդակով ենք անցկացնելու: Միջոցառումներ կլինեն թե՛ մարզերում, թե՛ Երևանում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է սպասվող համագումարին՝ Համլետ Հայրապետյանը փոխանցեց, որ դեռ օրը որոշված չէ:

«ԵԿՄ համագումարի ժամանակ ընտրվում է վարչություն, որից հետո նոր ընտրում են ԵԿՄ նախագահ, ով հետո առաջադրում է տեղակալներին: Համաձայն կանոնադրության՝ գործող վարչությունը, երբ նիստ կհրավիրի ու կլսի արտահերթ համագումար հրավիրելու հարցն ու կընդունի որոշում՝ յոթ օր հետո տեղի կունենա համագումարը»,- մանրամասնեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Սասուն Միքայելյանը որպես ԵԿՄ նախագահ՝ կառաջադրի իր թեկնածությունն այն ժամանակ, երբ տեղի կունենա համագումարը:

Նյութի աղբյուր՝ 168.am