Մեքենաներում, տաքսիներում քարսիթները պարտադիր դարձնելու վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ հայտնվելուց հետո շատերի մտքին եկած առաջին հարցն այն էր, թե ո՞վ է պատրաստվում դրանք ներկրել, ո՞ւմ բիզնեսի ջրաղացին է ջուր լցնելու կառավարությունը։ Քարսիթները բավականին թանկ արժեն ու պարտադիր դառնալու դեպքում առավել ճարպիկ գործարարները կարող են մեծ օգուտներ քաղել։
Ոստիկանությունից հավատացնում են՝ նախագծի գլխավոր նպատակը երեխաների անվտանգությունն է։
«Ճանապարհային ոստիկանության կողմից նախագիծը մշակելուց առաջ կատարվել է ուսումնասիրություն, հաշվի է առնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված վերլուծությունը, որտեղ նշվում է, որ տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործումը թույլ է տալիս ՃՏՊ ժամանակ նվազեցնել մանկական զոհերի քանակը 71%, 12 տարեկանից բարձր երեխաների շրջանում՝ 54%»,- Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասացին ոստիկանությունից։
Այս առումով հայաստանյան վիճակագրությունը տխուր է, միտումները՝ մտահոգող։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2017 թվականին գրանցվել է 3.535 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով եղել է 279 զոհ և 5 179 վիրավոր։ Դրանց թվում 0-4 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ եղել է 97 պատահար, զոհվել է 6 երեխա, 118-ը վիրավորվել են։ 5-14 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 341 վթար, զոհվել է 8, վիրավորվել 391 երեխա։
Հաջորդ տարի ավելացել է և պատահարների, և դրանց հետևանքով զոհված երեխաների թիվը։ Այսպես, 2018-ին տեղի է ունեցել 4.111 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 343 մարդ, վիրավորվել 5 .950 մարդ։ 0-4 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մասնակցությամբ 121 վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 154 երեխա, նույն տարում 5-14 տարեկան ուղևոր ունեցող մեքենաների մանակցությամբ 330 վթար, ինչի հետևանքվ 16 երեխա զոհվել է, 379 –ը՝ վիրավորվել:
Երկու տարվա ընթացքում վթարի հետևանքով զոհվել է 0-14 տարեկան 34 երեխա, վիրավորվել 1042 երեխա։
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային արհմիության նախագահ, ««Սահակյան սմարթ սիսթեմս»» ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նախագծի ու դրա ընդունման հետևանքով ծախսերի հնարավոր ավելացման վերաբերյալ տաքսիստներից բողոքներ չեն ստացել, կարծում է՝ տաքսիստները լուրջ չեն ընդունել։
«Երևի մտածում են ամեն անգամվա պես օրենքը կընդունեն, մեկը մի քանի հատ քարսիթ կբերի կվաճառի ժողորդի վրա, հետո կմոռանան դրա մասին։ Տրամաբանությունը 30 տարի այդպես է եղել, դրա համար մարդու մտքով առաջինը դա է անցնում»,-ասաց նա։
Սահակյանի խոսքով, եթե իսկապես ցանկությունը մարդկանց անվտանգության ապահովումն է, ապա պետք է սկսել օրենքով սահմանված լիցենզիաների առկայության վերաբերյալ վերահսկողությունից։
«Այ եթե եղած օրենքը կկիրառեն, այդ ժամանակ թող նոր օրենք մտածեն։ Քանի դեռ հինը չի աշխատում, ի՞նչ նորը մտածելու ժամանակն է։ Մի հատ տաքսու լիցենզավորման օրենքը կիրառեք, որ վաղն ասեք, տղերք, օրենքում մի կետ էլ՝ քարսիթի վերաբերյալ ավելացավ»,-նշեց նա։
Սահակյանը թվարկում է՝ լիցենզավորման դեպքում մարդկանց անվտանգությունը կմեծանա, պետբյուջե մեծ գումարներ կմտնեն, կստուգվեն և ավտոմեքենան, և վարորդը, մեքենաներն էլ կթարմացվեն։
«Ամեն մարդ իրավունք չուներ քիթն այդ ոլորտ խոթել։ Ի՞նչ է նշանակում, գործից հետո մարդը երկու պատվեր անի, նոր գնա տուն։ Հիմա իմ գործերն էլ լավ չի, գործից հետո մի երկու հատ կույր աղիքի վիրահատություն անե՞մ, նոր գնա՞մ տուն։ Եթե վիրահատության ժամանակ ես մեկին կարող է սպանել, տաքսու վարարդի անզգույշ շարժումը մի քանի մարդու մահվան պատճառ կարող է դառնալ»,-ասաց նա։
Տրանսպորտի ոլորտին տեղյակ Սահակյանի խոսքով, այսօր քաղաքում մոտ 50 հազար տաքսի կա, բայց իր տեղեկություններով լիցենզիա ստացել է 1000-ից մի քիչ ավելի տաքսի։ Նա վստահ չէ, որ քարսիթները պարտադիր դարձնելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո պատշաճ վերահսկողություն է իրականացվելու։ Հիշեցնում է իր ունեցած տխուր փորձը, երբ տաքսիներում հաշվիչները պարտադրեցին, ինքն էլ սկսեց Հայաստանում հաշվիչներ արտադրել, սակայն հիմա օրենքը խախտվում է, հաշվիչների փոխարեն օգտագործում են պլանշետներ ու հեռախոսներ, ինչը չի կարելի է։ Հիշեցնում է՝ կառավարության որոշմամբ, չափման միջոցները սահմանված են, դրանցից մեկը տաքսու չափիչն է։
«Օրենքով չի կարելի, որ դրանք կիլոմետրի ու փողի հաշվարկ անեն։ Դա նույն բանն է, որ ջրի, էլեկտրաէներգիայի ծախսը հեռախոսով հաշվարկեն, կամ բժիշկն իր «Սամսունգ» հեռախոսով հիվանդի ճնշումը չաթի։ Պետությունը քանի որ չի հետևում օրենքի կիրառմանը, ես իմ արտադրությունը փակել եմ, պահեստում մեծաքանակ արտադրանք ունեմ, հիմա մտածում եմ դա արտահանել մի երկիր, որտեղ օրենքն աշխատում է։ Օրենքը պետք է պաշտպաներ տեղի արտադրողին, ներդրողին, ես սսկեցի արտադրել, երբ օրենքով պարտադիր էր, ներմուծածից ավելի էժան էր։ Եթե օրենքը պահեին, գուցե դրանից ոգևորված քարսիթի արտադրություն կդնեի, բարդ բան չէ դրա սարքելը։ Իսկ եթե այն լինի տեղական արտադրության, ապա հնարավոր է նաև վերանորոգել։ Բայց եթե ես ներդրում անեմ, վստահ չեմ, որ վաղն այդ օրենքը կիրառվելու է, էս պետության վրա հույս չես դնում»,-ասաց Վ. Սահակյանը։
Անվտանգության համակարգերի վերաբերյալ, ըստ նրա ոչ թե պետք է առանձին իրավական ակտ մշակել, այլ այն պետք է ընդամնեը դառնա լիցենզավորման պահանջներից մեկը։ Տաքսիստներն էլ, նրա խոսքով, չպետք է դժգոհեն դրա կիրառումից, դժգոհելու դեպքում էլ պետությունը չպետք է տեղի տա կամ փոխհատուցում տրամադրի։
Ոստիկանությունից հայտնեցին, եթե նախագիծն իրավական ուժ ստանա, ապա մանկական պահող համակարգերի առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Ճանապարհային ոստիկանության տեսչական կազմի ծառայողների կողմից, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը:
Ի դեպ, ոստիկանությունը չի պատրաստվում քարսիթի գումարի փոխհատուցման վերաբերյալ կետ ներառել նախագծում, համարում է՝ իրենց գործը չէ, դա թող որոշեն կառավարությունում։
Աղբյուր` Panorama.am
0Comments