Լիբանանահայ դիզայներ Գևորգ Մակասյանին ճանաչում են ոչ միայն Լիբանանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում, նրա թանկարժեք զգեստները կրում են նշանավոր երգչուհիներ ու աստղեր:
«Նաև մի քանի զգեստներ ենք ուղարկել Ջենիֆեր Լոպեսին և մի քանի այլ աստղերի՝ կարմիր գորգի համար»,- 168․am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գևորգ Մակասյանը:
Լիբանանում նորաձևության աշխարհն այս օրերին քննարկում է դիզայների՝ Haute Couture 2024 հավաքածուն, որն ունի «Ծովածոցի աստղ» անունը: Այս հավաքածուի վրա նա աշխատել է 4 ամիս, այն ներառում է 17 երեկոյան և 4 հարսանեկան զգեստ՝ նախատեսված ամեն ճաշակի և տարիքի համար:
Գևորգ Մակասյանի հայկական արմատների մասին. նա ծնվել է Լիբանանում, նախնիները Կիլիկիայի պատմական Ադանայի նահանգի Դորթյոլի գավառից են: Գևորգի հայրը հայ է, մայրը՝ լիբանանցի: Գևորգ Մակասյանի սերը նորաձևության հանդեպ սկսվել է 10 տարեկանից, երբ սկսել է զգեստներ նկարել, իսկ բարձր նորաձևության աշխարհում հայտնվել է 2009 թվականից:
«Ես Հայաստան չեմ այցելել, բայց կայցելեմ. մտածում եմ՝ մի օր այնտեղ նորաձևության ցուցադրություն կանեմ»,- ասաց լիբանանահայ դիզայները:
Դիզայները սկսնակ երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Հետևե՛ք ձեր երազանքին. դժվար կլինի, բայց կհասնեք»:
0Comments