Ուկրաինայի համար նախատեսված 1 տոննա կոկաինը հայտնաբերվել է Նիդեռլանդներում

Մանրամասներ
բանան

Նիդեռլանդների մաքսավորներն այս շաբաթ առգրավել են կոկաինի երկու խմբաքանակ՝ 1,7 տոննա ընդհանուր քաշով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Նիդեռլանդների դատախազության հաղորդագրության մեջ։

Առգրավված կոկաինի ընդհանուր արժեքը գնահատվում է 127,5 մլն եվրո։

Մի խմբաքանակը հայտնաբերվել է Էկվադորից ներմուծված բանաններով բեռնարկղում։ Դրա քաշը կազմել է 1197 կգ։ Ըստ դատախազության՝ բեռի վերջնական նպատակակետը եղել է Ուկրաինան։ Ընդ որում,  դատախազությունում կարծում են, որ ո՛չ Ուկրաինայից ստացողը, ո՛չ էլ այն ընկերությունը, որը պետք է բանանները պահեր Նիդեռլանդներում, որևէ առնչություն չունեն թմրավաճառության հետ։

Եվս մեկ խմբաքանակ՝ 500 կգ քաշով, հայտնաբերվել է  Կոլումբիայից բերված ջեմի և մարմելադի բեռնարկղում: Վերջնական ստացողը Նիդեռլանդների մի ընկերություն է, որը,  դատախազության կարծիքով, նույնպես որևէ առնչություն չունի ապօրինի բեռների տեղափոխման հետ։

Երկու դեպքում էլ թմրանյութը ոչնչացվել է։ Նիդեռլանդների դատախազությունը հետաքննություն է անցկացնում: