ՀԱՄԱՍ-ը կկրկնի հոկտեմբերի 7-ի հարձակումը, մինչև որ Իսրայելը կոչնչացվի. քաղբյուրոյի անդամ

Մանրամասներ
համաս

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի բարձրաստիճան անդամ Ղազի Համադը լիբանանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը կկրկնի հոկտեմբերի 7-ի հարձակումը, մինչև որ Իսրայելը կոչնչացվի:

«Իսրայելը մի երկիր է, որը տեղ չունի մեր հողի վրա», - ասել է Համադը LBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք պետք է հեռացնենք այն, քանի որ այն անվտանգության, ռազմական և քաղաքական աղետ է արաբ և իսլամական ազգի համար: Մենք չենք ամաչում սա ասել», - ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Հարցազրույցի մի հատվածով X-ում կիսվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին:

Հարցազրույցում Համադն ասել է, որ Իսրայելը պետք է ջնջվի բոլոր պաղեստինյան հողերից, այսինքն՝ ամբողջությամբ ոչնչացվի՝ պնդելով, որ Իսրայելի գոյությունը անտրամաբանական է։

«Մենք պետք է Իսրայելին դաս տանք, և դա կանենք երկու և երեք անգամ։ «Ալ Աքսայի հեղեղ»-ը (անվանումը, որը ՀԱՄԱՍ-ը տվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա զանգվածային հարձակմանը-Խմբ.) ընդամենը առաջին դեպքն է», - շարունակել է Համադը:

«Մենք պետք է գին վճարե՞նք։ Այո, և մենք պատրաստ ենք վճարել այն։ Մեզ նահատակների ազգ են կոչում, և մենք հպարտ ենք, որ նահատակներ ենք տալիս», - հավելել է նա։