Վաղ առավոտից մեկնարկել են սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնակատարությունները

Եթե երեկ երեկոյան այստեղ լինեիք, կտեսնեիք, որ աղի բլիթը հայթայթելու համար  բազմաթիվ  երիտասարդներ էին եկել

Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին փետրվարի 16-ի վաղ առավոտից Ս.Սարգիս եկեղեցում:

«Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի: Կարծես այստեղ գրված ձեռագիրն ուխտի եկավ մոր գիրկը: 1693 թվականի հնագույն Ավետարանը հիմա բազմած է Սուրբ Խորանի վրա: Այս պահին սպասում ենք, որ Ս.Սարգսի աջը բերվի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի և Հավարտ Ս.Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով օրհնի հավատավոր ժողովրդին և զինվորներին, որովհետև Սուրբ Սարգիսը զինվոր էր, պայքարում էր հանուն ազատության, հավատարիմ էր իր դավանանքին և սիրո բարեխոս էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Նա հավելեց, որ այդ կարևորագույն արարողություններից հետո պետք է սկսվի տոնական Ս.Պատարագը` նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: «Զինվորների օրհնության կարգից հետո Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում տեղի կունենա նաև զինվորների պարգևատրման արարողություն, նրանց կհանձնվեն խորհրդանշական նվերներ, պարգևներ, եզակի խաչեր ու խրախուսական դրամական պարգևներ»,-ասաց քահանա Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով  երիտասարդները, եկեղեցական համայնքների անդամները, զինվորականները, ոստիկանական ակադեմիայի սաները, հասարակական կազմակերպությունների անդամները, բուհերի ուսանողները և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին ու երիտասարդների համար նախատեսված համերգային ծրագրին, որը կանցկացվի «Սիրահարների այգում»:

«Եթե երեկ երեկոյան այստեղ լինեիք, կտեսնեիք, որ աղի բլիթը հայթայթելու համար  բազմաթիվ  երիտասարդներ էին եկել, ցանկանում էին ճաշակել այն ու երազում տեսնել իրենց ապագա կողակցին: Իհարկե, դրանք վաղեմի ավանդույթներ են, որոնք դեռ Քրիստոնեությունից առաջ են եղել, բայց մեր ժողովուրդը միշտ պահում է դրանք հիշողության մեջ: Մեր ժողովուրդը դեռ  հազարամյակներ պետք է ապրի»,-եզրափակեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Աղբյուրը՝ tert.am