«Ամերիկացիները ձայնակցում են հայ գործիչներին, որոնց նպատակն է իրենց վրայից հանել սեփական բացթողումների պատասխանատվությունը». ՌԴ դեսպան

Մանրամասներ
դեսպան

Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքերը մեջբերվում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տելեգրամյան ալիքում։

«Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը։ Դրանով հաստատում են, որ ԱՄՆ - ի և նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե իրադրության կարգավորումն ու Անդրկովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և եվրասիական տարածքի միտումնավոր ապակայունացումը ՝ տվյալ տարածաշրջանից մեզ դուրս մղելու հեռանկարով», - նշել է դիվանագետը։ 

Նա մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր ՌԴ-ն Հայաստանի հուսալի գործընկերը չէ անվտանգության ոլորտում։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն այսօր ավելի վաղ հանդես էր եկել այն պնդմամբ, թե ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր:

«Տեղի պաշտոնյաների նման զրպարտությունները վրդովեցուցիչ են։ Ամերիկացիները, ըստ էության, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է իրենց վրայից հանել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական բացթողումների պատասխանատվությունը», - ընդգծել Է Անտոնովը։

«Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը։ Միշտ ձգտել է այդ եղբայրական երկրին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով մեր խաղաղապահներին։ Այն փաստը, որ ռուս զինվորները զոհվել են իրենց դիրքերում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը գնալ բարդ որոշումների ՝ հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու», - նշել է դեսպանը։