Բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»

Մանրամասներ

«Իրավունք» թերթը գրում է․ «Թեեւ Արցախի շուրջ մթնոլորտը շարունակաբար թեժանում է, սակայն այդպես էլ հստակ առաջարկներ, թե ինչ է պետք անել, չկա: Արցախի ներսում եւս խառը վիճակ է: Մի մասը խոսում է գնալ-բանակցելուց, որը նույնն է, թե գնան-հանձնվեն Ալիեւի ողորմածությանը: Մի մասը խոսում է կռվելուց, թեեւ հաճախ գալով այն մտքին, որ դրա ռեսուրսը պարզապես չկա: Նաեւ չունեն որեւէ վստահություն, որ կռվելու դեպքում Նիկոլը որեւէ բանով կօգնի: Մի մասն էլ խոսում է ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին դիմելուց, այն հաշվով, որ չեն դիմանա եւ ստիպված կմիջամտեն:

Բայց ահա Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը զարմանում է, որ մարդիկ նեղանում ենք միջազգային կառույցների անտարբերությունից.

— Միջազգային խաղացողներից պետք չէ նեղանալ այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստ է կամավոր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:

Ի՞նչ է, որեւէ մեկը կարողանո՞ւմ է Ադրբեջանին կամ Թուրքիային ստիպել: Ինչո՞ւ է Էրդողանն իր առաջին այցն իրականացնում Հյուսիսային Կիպրոս, դե թող որեւէ մեկը վնգստար էլի, գոնե մի հատ խոսք ասեր...

Այո, Արեւմուտքն ունի իր շահերը, պետք է հաշվի առնենք: Բայց դա կապ չունի, չի նշանակում, որ ինչ ասում են, պետք է անենք: Իրականությունն այն է, որ եթե դու քո շահերը պաշտպանում ես ատամներով, բոլորը քեզ հաշվի են առնում:

— Սակայն արցախյան իրավիճակն այսպես գնալով միայն սրվում է:

— Այո, Արցախում գնալով խորանում է հումանիտար աղետը: Իհարկե շատ ծանր վիճակ է, հասկանալի է, մեր ժողովրդի ցասումն էլ է հասկանալի: Ես էլ եմ մինչեւ գիշերվա 4-ը կանգնել հացի հերթում: Բայց հիմա բերեք հացի խնդիրը մի կողմ դնենք, բոլոր դառնությունները շարունակելով կիսել, հասկանում ենք, ծանր է: Միգուցե եղել են սխալներ, չի բացառվում: Պետք էր այլ կերպ մոտենալ հարցերին: Բայց այսօր կարեւորն այն է, որ այնպես անենք, որ ինքներս չդառնանք ուտելիք՝ թուրքի ձեռքում:

Բանակցությունների վերաբերյալ Բաքվի եւ Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են: Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը, եւ չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում ենք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Հումանիտար հարցերի՝ գերիների, անհետ կորածների, էլեկտրաէներգայի, գազի եւ այլ հարցերի շուրջ կարող ենք հենց տեղում էլ խոսել:

Այս ամենը, սակայն, փակված հարց է՝ հաշվի առնելով հատկապես այս վերջին օրերին կատարված իրադարձությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։