Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում

Փաշինյանի ամփոփիչ ելույթը՝ ԱԺ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում  իր ամփոփիչ ելույթում առաջին հերթին անդրադարձավ ԱԺ ամբիոնից հնչած մունաթների և հեգնանքների թեմային, և ներողություն խնդրեց բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում  մունաթ կամ հեգնանք են նկատել:

«Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, քանի որ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ այսօրվա խոսքում և հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն կստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ՝ դա սխալ տպավորություն է»,- նշեց վարչապետը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ին՝ ասելով, որ վերջին երեք օրվա քննարկումները ցույց տվեցին՝  ունենք նոր որակի խորհրդարան:

Նրա խոսքով՝ եկար տարիներ սա ևս մեր երկրի անլուծելի թվացող հարցերից է եղել: Եվ այսօր, ըստ նրա, կարող են արձանագրել, որ այս խնդիրը լուծված է:

«Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված: Իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ, գաղափարական բախում: Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում: Մի մասը ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էին այն մասին, որ պատրաստվում են նոր գիրք գրել: Մի մասը այն պատմության մասին էր խոսում, որ իրենց հայտնի է, մյուս մասը այն պատմության մասին, որ իրենք պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման ընթացքում թերևս ծրագրի ամենակարևոր հատվածը չմեջբերվեց, որտեղ ասվում է՝ կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018-ի արտահերթ ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: