Պատրաստ ենք հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ Լավրով

Մանրամասներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով։

«Ցանկանում ենք այսօրվա հանդիպումն օգտագործել մեր տարածաշրջանի ամենակարևոր հարցերից մեկը լուծելու համար. նկատի ունեմ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունացումը։ Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումն է։ Պատրաստվում են մի շարք լրացուցիչ փաստաթղթեր մեր ղեկավարների քննարկման համար։

Ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրել ստորագրման համար։

 

Սակայն Լեռնային Ղարաբաղին և նրա հետ կապված այլ հարցեր ևս կանոնավոր ուշադրության են արժանի։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է առաջացնում միջազգային հանրության շրջանում։ Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է նաև, որ հանդիպման օրակարգում կլինի նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը։