Կառավարության ծրագրի բովանդակությանը վերաբերող կառուցողական առաջարկություն ընդդիմության կողմից չհնչեց

Սա կառավարության և ԱԺ ծրագիրը չէ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրի քննարկմանը։

Վերջինս նշեց, որ Կառավարության ծրագրի բովանդակությանը վերաբերող կառուցողական առաջարկություն ընդդիմության կողմից չհնչեց:Նա կցանկանար, որ խորհրդարանի հետ ավելի կառուցողական քննարկում լիներ՝ վստահեցնելով, որ կառավարությունը պատրաստ է առաջարկներ լսել։

«Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին, ինչու թիվ չկա, ինչու կա և այլն, անընդհատ այս բանավեճի մեջ ենք: Այն, ինչ գրված էր տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության և արտահանման ճյուղերի առումով, բովանդակային քննարկման չարժանացավ, որի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկ հնչեցրած քննադատությանը։ Դիտարկմանը, որ Մարուքյանը հայտարարում է, թե կառավարությունն արհամարհել է խորհրդարանին, չի քննարկել խորհրդարանի ուժերի հետ, իսկ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նման ավանդույթ կար, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է 20-օրյա ժամկետում: Դրա պատասխանը կրում է կառավարությունը, բայց սա կառավարության և ԱԺ ծրագիրը չէ»: