Ինչո՞ւ են թիրախավորում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին․ Վահրամ Աթանեսյան

Մանրամասներ

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կայքերից մեկի TV տաղավարից լսում եմ սփյուռքահայ մտավորականին։ Քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ինչո՞ւ երրորդ Հանրապետությունը հռչակեց խորհրդային Հայաստանի, ոչ թե առաջին Հանրապետության իրավահաջորդ, չդիմեց միջազգային դատարանին, որպեսզի Հայաստանը ունենար Սևրի պայմանագրով սահմաններ։ Եվ «հիմնավորում է»՝ առաջին Հանրապետությունը դաշնակցական էր, Տեր-Պետրոսյանը՝ հակադաշնակցական։

Քննադատության և «հիմնավորման» անհեթեթությունը թողնենք մի կողմ, բանավեճի մեջ մտնելու ցանկություն և, մանավանդ, իմաստ չկա։ Ուղղակի վկայակոչեմ փաստը․ անկախության Հռչակագիրը ընդունվել է 1990թ․ օգոստոսի 23-ին։ Գերագույն խորհրդի նիստին ներկա 213 պատգամավորները միաձայն «կողմ» են քվեարկել։

Առաջին գումարման ԳԽ-ն ուներ 259 պատգամավոր։ Նիստին չմասնակցած 46 պատգամավորները գուցե դեմ են եղել Հռչակագիրն այդ տեսքով ընդունելուն, չգիտեմ։ Բայց 213 պատգամավոր քվեարկել է ազատ, իր կամքով և համոզմունքով։ Եվ եթե «սխալ են քվեարկել» (այդ թվում և տողերիս հեղինակը), ապա «մեղավոր են» բոլորը։

Ինչո՞ւ են թիրախավորում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին»: