Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2008-ից մինչ այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ դրամի ապառք. սրանք պարտքեր են, որ չեն հավաքագրվել հաճախ նաև սխալ վարչարարության արդյունքում։
«Մենք չենք ստիպում որևէ համայնքապետի, որ գնա, համայնքի բնակչին ստիպի, կամ օրենքից դուրս որևէ քայլ կատարի, բայց եկեք փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը պետք է գերակա լինի, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունքներից զատ ունեն նաև պարտականություններ։ Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. մենք ընդամենը ցանկանում ենք, որ ՀՀ–ում հավուր պատշաճի վճարվեն հարկերը և համայնքներն էլ կարողանան իրենց հարկերի հավաքագրման արդյունքում աշխատանքներ կատարեն իրենց համայնքներում»,– ասաց նա։
Ըստ նրա՝ ամեն տարի Հայաստանում կուտակվում է ևս 3 մլրդ դրամ չհավաքագրված հարկերի պարտքի բեռ։
«Ես հիմա հրահանգել եմ առանձնացնել, թե ապառքների գոյացումն ինչպես և ինչու է տեղի ունեցել։ Այսինքն՝ կան պատճառներ, երբ հողատերը կամ գույքի սեփականատերը Հայաստանում չէ, մենք պիտի հասկանանք, նրանց ո՛ր տոկոսն է Հայաստանից բացակայող քաղաքացիների պատճառով, ո՛ր տոկոսն է անբարեխիղճ քաղաքացիների, ո՛ր տոկոսը՝ սխալ վարչարարության։ Մենք մեզ համար պիտի գույքագրած ունենանք, որ յուրաքանչյուրին թիրախային լուծում տանք»,– ասաց նա։
0Comments