Պահանջում ենք Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ. «Միասնական հայրենիք»

Մանրամասներ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում և, մասնավորապես, ս․թ․ մայիսի 18-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսում հնչեցվել են ակնհայտ մանիպուլյատիվ մտքեր, որոնց կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

1. Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր էր քննարկել այն՝ ներառելով կառավարության ծրագրում։ Այնինչ իր պաշտոնավարման 111 օրերի ընթացքում Ռ․ Վարդանյանն աչքի է ընկել բացառապես իբրև մեդիադեմք, բայց ոչ որպես իրեն վերապահված ոլորտների կառավարիչ։

2․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել։ Փոխարենը խորհրդարանական խմբակցությանը ներկայացվել է հաստ թղթապանակ, որը տարբեր ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում վերհանված հանրային կարծիք է, ինչն, անշուշտ, պարունակում է հարուստ նյութ և կարող է հաշվի առնվել ապագա ծրագրերի նախապատրաստական փուլում։

3. «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելու պահանջով հանրային հավաքը «հայտնի» էր անկախությամբ, տոտալ հակազդեցությամբ, վարչական ռեսուրսի չօգտագործմամբ, ինչպես նաև ոստիկանական և հատուկ ջոկատային ուժերի, հրշեջ-ջրցան մեքենաների կենտրոնացմամբ, դիպուկահարների տեղակայումով և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը դիմում է Արցախի հանրային  հեռուստատեսությանը և պահանջում Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ՝ հանրայնացնելու Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման նրանց տեսակետներն ու ծրագրային դրույթները։