«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում գործում է 26 տարի և իրականացնում ակնաբուժական լայնածավալ ծրագրեր, փետրվարի 8-10-ը Երևանում և Գյումրիում կազմակերպում է բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով՝ նվիրված Հայաստանում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Առաջին համերգը կայացավ երեկ Գյումրիում։
Համերգների ընթացքում կազմակերպվում է հանգանակություն, որից ստացված գումարը կտրամադրվի հիմնադրամինոր ծրագրերից մեկին՝ մանկապարզետների 3-5 տարեկան երեխաների ակնային զննմանը՝ հայտնաբերելու այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են կուրությունը:
Նախագծի ստեղծման պատմության, հետագա անելիքների ու ծրագրերի մասին Panorama.am-ը, որը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է, զրուցել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հետ։
Panorama.am-Տիկին Եղիազարյան, «Լույս հայի աչքերին» ծրագիրն ինչպե՞ս ստեղծվեց։
Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որը ստեղծվել է` ի պատասխան Հայաստանի կառավարության կողմից սփյուռքին ուղղված հորդորին՝ օգնել Հայաստանին օրհասական ժամանակաշրջանում: ՀԱՆ-ի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Կազմակերպության հայաստանյան գրասենյակը ստեղծվեց 2002թ.-ին: Նույն ժամանակ ՀԱՆ-ը միջոցներ հայթայթեց գերժամանակակից Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) ձեռքբերելու համար, որն արդեն 17 տարի ՀԱՆ-ի խորհրդանիշն է: 2003 թ.-ից առ այսօր ՀԱՆ-ն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների համակարգը հզորացնելուն, ինչպես նաեւ կուրության կանխարգելմանը: ՀԱՆ-ի բոլոր ծրագրերը փոխկապակցված հինգ հիմնական ուղղություններ են ներառում՝ բուժօգնություն, տվյալների հավաքագրում եւ հետազոտական աշխատանք, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրության իրազեկում, կարողությունների զարգացում:
Panorama.am-Կազմակերպել եք համերգաշար՝ Երևանում ու Գյումրիում, կներկայացնե՞ք նպատակն ու տպավորությունները:
Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական համերգաշարի նպատակն է Երևանի և Գյումրիի հանդիսատեսին ներկայացնել բարձրակարգ երաժշտություն՝ տաղանդավոր կատարողների մատուցմամբ, և մշակույթի ու երաժշտության միջոցով բնակչությանը ևս մեկ անգամ հորդորել՝ ուշադիր լինել առողջությանը և պահպանել տեսողությունը: Նվագում են տաղանդավոր երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Բոլիվիայից և Ուրուգվայից: Բոլորը միջազգային մրցույթների դափնեկիրներ են: «Armenian լարային քառյակը»՝ առաջին ջութակ Աստղիկ Վարդանյանի ղեկավարմամբ, ով նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստերն է, կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալլին (Ուորգվայ) և դաշնակահար Սերխիո Էսկալերան (Բոլիվիա) կկատարեն Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ N2» ստեղծագործությունները: Երեկ Գյումրիում մեկնարկեց համերգաշարը, վաղը՝ փետրվարի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա երկրորդ համերգը: Գյումրիում հանդիսատեսը հիացած էր: Վստահ եմ՝ երևանյան համերգը նույնպես մեծ հաջողություն կունենա:
Panorama.am-Համերգի համար ինչո՞ւ ընտրվեց Գյումրին։
Նունե Եղիազարյան-2015թ-ից Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է ՀՀ մարզերում ակնային առողջապահական համակարգի վերականգնման ծրագիրը, որի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Ծրագրի շրջանակներում մարզային ակնաբուժական կենտրոններ են ստեղծվել Տավուշում, Լոռիում, Սյունիքում և չորրոդը՝ 2018 թ.-ին՝ Շիրակի մարզում: Այս և մեր մյուս հսկայական ծրագրերը մենք կարողանում ենք իրականացնել բարերարների շնորհիվ: Այսպիսով՝ երեկվա համերգը նվիրեցինք մեր բոլոր բարերարներին՝ ի դեմս Լութեր Ջոն Խաչիկյանի, ում շնորհիվ իրականացվել են շատ ծրագրեր, որոնցից մեկը Գյումրու մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծումն է:
Panorama.am –Նշվել է, որ երևանյան համերգի ընթացքում արված հանգանակությունների շնորհիվ կատարելու 3-5 տարեկան երեխաների ակնային զննում: Ինչո՞ւ է ընտրվել հենց այս տարիքը, ո՞ր մանկապարտեզների սաներն են ընտրված։
Նունե Եղիազարյան-Ակնային լուրջ հիվանդություններ հնարավոր է առավելագույնս կանխարգելել մինչև յոթ տարեկան հասակը հայտնաբերելու և բուժելու պարագայում: Այդ պատճառով նախաձեռնել ենք նախադպրոցական տարիքի երեխաների ակնային զննումների ծրագիրը: Երևանի և Հայաստանի մյուս բոլոր մարզերի 100 մանկապարտեզում զննելու ենք շուրջ 11.000 երեխա՝ գործածելով Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ձեռք բերված նորագույն սարքավորումներից մեկը՝ հատուկ տեսախցիկ, որն աչքի լուսանկարով ախտորոշում է ակնային խնդիրները: Զննման արդյունքների հիման վրա երեխաները կուղեգրվեն մասնագիտացված ակնային կենտրոններ՝ ավելի խորը հետազոտման, անհրաժեշտության դեպքում՝ ամբլիոպիայի բուժման կամ ակնոցի դուրսգրման համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 6 տարեկան հասակը երեխաների մինչև 2 տոկոսը կարող է ունենալ ամբլիոպիա կամ լինել դրա ռիսկային խմբում, և ժամանակին չմիջամտելու դեպքում հիվանդությունը կարող է տանել կուրության: Համոզված ենք, որ ակնային ստուգումների շնորհիվ հնարավոր կլինի վաղ հայտնաբերել ակնային խնդիրները և բուժել դրանք, հակառակ դեպքում երեխաները ոչ միայն կրթության, այլ ընդհանրապես հասարակական կյանքում կարող են տեսողությամբ պայմանավորված խնդիրներ ունենալ: Հույս ունենք, որ հանդիսատեսը կմասնակցի հանգանակությանը և կօժանդակի այս ծրագրի իրականացմանը:
Panorama.am -Ասում են՝ ցանկացած հիվանդության պարագայում կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Համացանցի դարում երեխաները ժամեր շարունակ գամված են մնում համակարգչի, պլանշետների ու հեռախոսների դիմաց։ Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին՝ աչքի հիվանդությունների առաջացումից խուսափելու համար։
Նունե Եղիազարյան-Դպրոցահասակ երեխաների շրջանում ակնային հիմնական հիվանդությունների և խնդիրների հայտնաբերման համար 2004թ.-ից իրականացնում ենք դպրոցականների ակնային զննումներ, հանրային կրթության դասեր, ստեղծել ենք «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը Կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ուսումնաօժանդակ ձեռնարկ, և Երևանի և մարզերի դպրոցներում երեխաներն այն ուսումնասիրում են 3-րդ դասարանում, այժմ աշխատում ենք համանուն սեղանի խաղ ստեղծելու ուղղությամբ: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են ակնային խնդիրների ոչ միայն բուժմանը, այլև կանխարգելմանը: Անխոս, էլեկտրոնային սարքերը երեխաների տեսողության վրա բացասական ազդեցություն ունեն: Եվ ծնողներին մեր խորհուրդն է՝ երեխաներին ակնաբույժի խորհրդատվության տանել, ինչպես նաև հետևել, որ նրանք դրսում ավելի շատ խաղան, ինչը ոչ միայն ակնաբուժական, այլ նաև երեխայի ընդհանուր զարգացման համատեքստում կարևոր նշանակություն ունի: Կա համաշխարհային վիճակագրության, համաձայն որի տեսողական լուրջ խնդիր ունեցողների 50%-ն այդ մասին իմանում է ակնային զննման ժամանակ, իսկ ակնային հիվանդությունների 80% բուժելի է՝ ժամանակին հայտնաբերելու դեպքում:
Panorama.am -Քանի՞ մարդ է կարողացել Ձեր նախագծի օգնությամբ բացահայտել, կանխել հիվանդությունը։
Նունե Եղիազարյան-Հայկական ակնաբուժության նախագծի գործունեության 26 տարվա ընթացքում ավելի քան 400.000 մարդ ակնային զննում է անցել, 20.000-ից ավելի վիրահատություն և շուրջ 8.000 լազերային բուժում ենք իրականացրել աչքի շարժական հիվանդանոցում և մարզային ակնաբուժական կենտրոններում, 8.000-ից ավելի նորածին անհասության ռետինոպաթիայի առաջնային և ընթացիկ ստուգում է անցել, որոնց շրջանում շուրջ 500 լազերային և հակա-անգիոգեն բուժում է իրականացվել, 44 երեխա ենթարկվել է վիտրեոռետինալ և հարակից վիրահատության: Այս թվերի հետևում մարդկային ճակատագրեր են և փոխված կյանքեր:
Panorama.am -Խնդրում եմ ՝ ներկայացրեք հիմնադրամի հաջողությունները։
Նունե Եղիազարյան-ՀԱՆ-ի ներդրումներից մեկը Հայաստանում ակնաբուժական ոլորտի զարգացումն է: Մեր իրականացրած ծրագրերով հայաստանյան բազմաթիվ ակնաբույժներ վերապատրաստումներ են անցել աշխարհի առաջատար ակնաբուժական կլինիկաներում՝ հայտնի մասնագետների կողմից, և այսօր արդեն իրենք են վերապատրաստում մասնագետների նոր սերունդներին: Մենք անկասկած ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել մարդկանց՝ սկսած անհաս ծնված փոքրիկից, ով կյանքի առաջին օրերից կարող էր կորցնել աչքի լույսը և անդառնալի կուրանար, մինչև սոցիալական ծանր խնդիրներով սահմանամերձ գյուղում ապրող միայնակ թոշակառուն, ով տեսողության կորստի պատճառով անօգնական էր դարձել, շաքարային դիաբետով պայմանավորված ակնային հիվանդությունների կանխարգելման ծրագրով ակնային զննում անցնող և բուժվող մեր քաղաքացիները: Մեր հաջողություններն են Երևանում և Հայաստանի մարզերում ստեղծվող ակնաբուժական կենտրոնները՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Եվ այս ամենը՝ հսկայական համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ, որոնցից յուրքանչյուրը՝ բարերարը, բժիշկը, պետական և միջազգային կառույցն ու շահառուն իր դերակատարումն ունի: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ կան:
Panorama.am-Հետագայի համար ի՞նչ նպատակներ ունեք։
Նունե Եղիազարյան-Մեր շարունակական ծրագրերը գործընկերների և բարերարների համատեղ ջանքերով, համոզված ենք՝ կբերեն նրան, որ Հայաստանն առանձնահատուկ տեղ կգրավի աշխարհի ակնաբուժական քարտեզի վրա, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ստանալ ակնաբուժական այնպիսի ծառայություններ, որոնք հասանելի են աշխարհի զարգացած երկրներում: Այս նպատակին մենք գնում ենք՝ Հայաստանում ներդնելով մասնագիտական ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ և սարքավորումներ, միջազգային փորձ, նվիրվածություն և համատեղ աշխատանք:
0Comments