Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա

Յուրաքանչյուր սթրեսային վիճակ, ռեժիմի խախտում, յուրաքնաչյուր սննադակարգի խախտում կարող է բերել այդ վիճակ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Panorama.am-ը «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունիից տեղեկացավ, որ երեկ հետազոտություններից հետո կոնսիլիումը որոշեց, որ պետք է ստացիոնար բուժում ստանա բազմապրոֆիլ  հիվանդանոցային պայմաններում, քանի որ նրա մոտ առաջացել էր նրա հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիան (Կոմպենսացիայի խանգարում՝ մարմնի կամ նրա որևէ օրգանի գործունեության խանգարում):

«Մեր եզրակացությունը ներկայացրեցինք արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, որտեղից գրավոր դիմում ստացանք, որպեսզի բուժումն իրականացնենք «Նաիրի» հիվանդանոցի պայմաններում»,- նշեց նա։

Ա. Գնունին դժվարացավ պատասխանել, թե ինչքան կմնա իրենց մոտ, կախված է նրանից, թե որքան արագ կկարողանան դեկոմպենսացված վիճակը բերել կոմպենսացիայի։

Հարցին, թե ինչի՞ հետևանք կարող է լինել վիճակի վատթարացումը, «Նաիրի» ԲԿ տնօրենն ասաց, որ յուրաքանչյուր սթրեսային վիճակ, ռեժիմի խախտում, յուրաքնաչյուր սննադակարգի խախտում կարող է բերել այդ վիճակի։

«Բավականին դժվար է ասել, բայց մենք դրա մասին չենք մտածում, մեզ համար էական նշանակություն չունի, մենք ունենք վիճակ, որից պետք է դուրս գանք»,- ասաց Ա. Գնունին։

Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։