Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի

Պահանջում է 7 դրամ, ներողություն և հերքում

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Tert.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն ասել է, որ հայցադիմումը պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի  մասին է:
 
«Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից: Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ»,-ասաց Սիրունյանը:

Բացի դրանից, Մանուկյանի ներկայացուցիչը նշել է, որ Արման Բաբաջանյանի կողմից Անդրանիկ Մանուկյանի հնչեցրած «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության համար բռնագանձել 5 դրամ. «Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ»:

Վնասի հատուցման չափի կապակցությամբ Սիրունյանը նշել է, որ նախ հուսով է, որ խնդիրը կլուծվի հաշտությամբ. «Բաբաջանյանը անլուրջ մարդ չէ, որ չհասկանա, որ վիրավորել ու զրպարտել է ոչ պակաս լուրջ մարդու: Կամովին ներողություն խնդրելը ամոթ չէ: Հակառակը: Տղամարդու վարքագիծը հենց այդպիսին պետք է լինի: Բացի դրանից, օրենքն ասում է, որ վնասի հատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը»: