Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպմանը փորձում էինք հասկանալ պարգեւավճարների խնդիրը. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ պարգեւավճարների հարցում ունենք համակարգային փոփոխությունների կարիք. «Փորձում էինք նախ հասկանալ պարգեւավճարների հետ կապված այս խնդիրը, այսինքն՝ ոչ միայն չափն է այդտեղ կարեւոր, այլ նաեւ համամասնությունը։ Ինչո՞ւ է մի աշխատողը ստացել 2 մլն, մեկը 100 հազար կամ 200 հազար»։
Բաբկեն Թունյանը հայտնել է՝ առաջարկվել է պարգեւավճարների վերին շեմ սահմանել, որի վերաբերյալ ֆինանսների նախարարը նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ «դա որոշակի խզում է առաջացնում, բայց ամեն դեպքում պետք է լինեն հստակ չափորոշիչներ»։
Նա շեշտել է՝ պարգեւավճարների այս կարգավորման պարագայում կա նաեւ կոռուպցիոն ռիսկ. «Ստացվում է՝ կա արտաբյուջե, որի որոշակի տոկոսը կարող է որպես պարգեւավճար բաժանվել ու դրա մեջ համամասնությունը խիստ սուբյեկտիվ գործոն է։ Ստացվում է՝ գերատեսչության ղեկավարը ում հետ ավելի լավ է, նրան կարող է ավելի շատ պարգեւավճար տալ. այստեղ նաեւ կոռուպցիոն ռիսկ կա»։
Պատգամավորը, սակայն, նշել է պարգեւավճարների խնդիրը մեկ օրում հնարավոր չէ լուծել, լուրջ աշխատանք է հարկավոր. «Ճիշտ լուծում գտնելու համար պետք է այնպիսի մեխանիզմներ մշակենք, որ ոչ մարդկանց մոտիվացիան թուլանա դրանից, ոչ ընդհանուր տրամաբանությունը խախտվի։ Դա մի օրում որոշելու բան չէ։ Տարբեր գաղափարներ հնչեցին, եւ կոնսենսուսն այն էր, որ մենք պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատենք, որպեսզի հետագայում լուրջ խնդիրների առաջ չկանգնենք»։
Թունյանի կարծիքով՝ մի քանի միլիոն պարգեւավճարները սոցիալական անարդարության զգացում են առաջացնում մարդկանց մեջ. «Երբ պարգեւավճարները մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձը, դա ճիշտ չի ընկալվում։ Մի քանի միլիոն պարգեւավճարը մարդկանց մեջ սոցիալական անարդարության զգացում է առաջացնում։ Մանավանդ հստակ չէ, թե այդ մի քանի միլիոն դրամը ինչի համար է տրվել։ Հստակ չափորոշիչներ պետք է լինեն, որպեսզի հասկանանք, որ մարդուն այս գործի համար են տվել պարգեւավճարներ։ Հնարավոր է՝ անգամ 20 մլն դրամ վճարած լինեին, եւ դա լիներ օրենքի շրջանակում. խնդիրը օրենքի հետ է»։
0Comments