Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կանցնի ժամանակ, եւ պատմաբանները համարձակություն կունենան խոստովանելու, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ը ունեցել է «Մեծ Եվրասիա» աշխարհաքաղաքական նախագիծ։
Թե չէ Հեյդար Ալիեւին իր հայրենակալվածքից Մոսկվա չէին տեղափոխի, չէին նշանակի ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի, փաստացի՝ կառավարության ղեկավարի պաշտոնին։ Գորբաչովյան «պերեստրոյկան» այդ նախագծի դեմ էր։
Քչերը գիտեն, որ «նորացված Միության» պայմանագիրը չի ստորագրվել, որովհետեւ ՊԱԿ-ի ճնշման տակ փաստացի իշխանությունը պետք է անցներ Նուրսուլթան Նազարբաեւին։
Ով գիտեր՝ Մոսկվայում ինչ է խմորվում, ինչպես է Հեյդար Ալիեւը «տնային բանտարկությունից» ազատվել եւ բնավորվել Նախիջեւանում, ով հասկանում էր, որ ՊԱԿ-ի նախագիծը Ելցինից հետո վերստին ակտուալ է լինելու, փորձում էր ԼՂ խնդրին հնարավորինս արագ եւ ոչ պարտվողական լուծում գտնել։
Իսկ թե ում շահերը եւ ինչպես էին սպասարկում ստատուս-քվոն պահպանելու կողմնակիցները՝ բացահայտվեց քառասունչորսօրյա պատերազմով, ռուս-թուրքական սիներգիայով։
Գլոբալ խաղացողները մրցակցում են «Թուրքական աշխարհի» համար՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Չինաստանի հետ «Թուրքական աշխարհը» չի կարող պարիտետի սկզբունքով դաշնակցել։ Ռուսաստանի պարագայում դա հավասարների դաշինք է։
Ուզու՞մ ենք «Մեծ Եվրասիայում» լինել քրիստոնեական կղզյակ՝ ինչպես Չիգիզ խանի իմպերիայում էինք։
Թե չէ «Արցախի գործոն» եւ «համաշխարհային հայկական ցանց» ասվածը միամիտների համար է»:
0Comments