Երեւանի կենտրոնում փետրվարի 10-ի ուշ երեկոյան մոտ 30 րոպե ոստիկանական տասնյակ մեքենաներ չեն կարողացել կանգնեցնել Կառավարության շենքի դիմաց մայթերով քշող «Համեր» ավտոմեքենան։ Ոստիկանները նույնիսկ կրակոցներ են արձակել քաղաքի կենտրոնում՝ ապարդյուն փորձելով կանգնեցնել վարորդին։ Այս ամենը երեւում է համացանցում տարածված տեսանյութերից։ Ի՞նչ է տեղի ունեցել հետո, առայժմ պարզ չէ, Ոստիկանությունը պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի տալիս։
Hetq.am-ը գրում է, որ այն բանից հետո, երբ պարեկներին հաջողվում է կրակելով ծակել մեքենայի անիվները, նրանք կարողանում են մի պահ կտրել Հրապարակի կենտրոնը հատող «Համերի» դիմացը, պարեկները մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել, մի քանի վայրկյանից «Համեր»ը նորից կարողանում է ազատվել պարեկներից, շարժվում է Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ, ապա թեքվելով աջ՝ Ագաթանգեղոսի փողոց, մտնում է մոտակա դալանը, եւ վարորդը, թողնելով մեքենան, փախչում է։ Կայքը նաեւ լուսանկարել է «Համերի» պետհամարանիշը, որը պարեկների մեքենաների հետ բախումից ընկել էր Հանրապետության հրապարակի մայթին՝ 35GM730։
Irakanum.am-ի տեղեկություններով՝ վարորդը Արարատի մարզից է՝ Արթուր Սարադյանը։
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։
0Comments