Հայաստանը Քաթարում դեսպանություն կբացի

Դեսպանատան ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել Քաթարը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում է կայացրել Քաթարում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նկատի ունենալով Քաթարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի եւ Քաթարի միջեւ աճ արձանագրող առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Քաթարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Քաթարական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով եւ Երեւանում բացել Քաթարի դեսպանությունը:

Քաթարական կողմը պատրաստ է երեք տարի շարունակ տրամադրել տարեկան 400.000 քաթարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար), ինչպես նաև ՀՀ դեսպանության համար տարածք եւ դեսպանի համար կեցավայր ու երկու ավտոմեքենա:

Քաթարում ՀՀ դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի եւ մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաեւ դիվանագետի բնակարանի վարձը:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Քաթար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերը: