Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակիչը։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա երկու հանդիպում։
2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիան կմրցի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հետ։ Նիդեռլանդների մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինան։ Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կխաղան իրար դեմ։
Խորվաթիայի եւ Բրազիլիայի հավաքականները պաշտոնական խաղերում նախքան այս հանդիպել են երկու անգամ։ 2006թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիան հաղթել է նվազագույն հաշվով Կակայի գոլի շնորհիվ։ 2014թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիան առավելության է հասել 3:1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը։
Թիմերը նաեւ երկու ընկերական հանդիպում են անցկացրել։ 2005-ին տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: 2018-ին 2:0 հաշվով հաղթել է Բրազիլիան Նեյմարի եւ Ֆիրմինոյի գոլերի շնորհիվ։
Խորվաթիա - Բրազիլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Արգենտինայի եւ Նիդեռլանդների հավաքականները պաշտոնական խաղերում հանդիպել են հինգ անգամ։
Արգենտինացիները Լիոնել Մեսիի հետ երբեք չեն պարտվել հոլանդացիներին։ Թիմերը Մեսիի մասնակցությամբ ունեցել երկու հանդիպում։ 2006թ․ ԱԱ-ի խմբային փուլում Արգենտինան ու Նիդեռլանդները խաղացել են ոչ ոքի՝ 0:0: 2014թ․ ԱԱ-ում 0:0 հաշվով ավարտվել է կիսաեզրափակիչի հանդիպումը։ Հետխաղային 11-մետրանոցներով Արգենտինան հաղթել է 4:2 հաշվով։
Դրանից առաջ Արգենտինան ու Նիդեռլանդներն աշխարհի առաջնություններում հանդիպել են երեք անգամ։
1974թ․ ԱԱ-ի խմբային փուլում 4:0 հաշվով հաղթել են հոլանդացիները, 1978թ․ ԱԱ-ի եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթել է Արգենտինան, 1998թ․ ԱԱ-ի քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Նիդեռլանդների թիմը։
Նիդեռլանդներ - Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Դեկտեմբերի 9
Խորվաթիա - Բրազիլիա` 19:00 (Երեւանի ժամանակ)
Նիդեռլանդներ - Արգենտինա` 23:00
0Comments