1000 գիտաշխատող կազատվի աշխատանքից

Եթե առաջիկա նիստում մեր հարցը չքննարկվի, երթով կգնանք կառավարություն. Վահրամ Մկրտչյան

Աշխատանքից ազատման ծանուցում է ստացել շուրջ 450 գիտաշխատող ԵՊՀ–ից, ևս մի քանի հարյուր՝ այլ բուհերից. մոտավորապես, 1000 գիտաշխատող է ազատվում աշխատանքից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Վահրամ Մկրտչյանը: «ԵՊՀ–ի այս 450 աշխատակիցների մոտ կեսը միայն գիտաշխատողներ են, մյուսները՝ նաև դասախոսում են։ Այսինքն՝ այսքան մարդ դառնում է գործազուրկ»,– նշեց նա։

Գիտաշխատողի խոսքով՝ աշխարհի լավագույն համալսարանները ձգտում են ընդլայնել իրենց գիտաշխատողների շրջանակը, և «այս որոշումը հակասում է այդ քաղաքականությանը. այսպես մեր երիտասարդ ասպիրանտների, մագիստրոսների գիտական ներուժը գնալու է երկրից, ծառայի ուրիշներին»։ Աշխատավարձերի չափի մասին հարցին ի պատասխան՝ Մկրտչյանը նշեց. «Հիմա, օրինակ, մեր՝ ֆիզիկայի լաբորատորիայում գիտական կոչում ունեցողի աշխատավարձը մոտ 80 հազար է (դոկտորներինը՝ 100 հազար), բայց մարդիկ աշխատում են ինքնամոռաց»։

Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ գիտխորհուրդը նամակ է ուղղել կառավարությանը՝ պահանջելով, որ բուհական գիտահետազոտական լաբորատորիաներում եղած բյուջետային ֆինանսավորումը պահպանվի, այսինքն՝ դա մրցութային չլինի։ «Թույլ արձագանք ենք ստացել կառավարությունից. ենթադրում ենք, որ հինգշաբթի կառավարության նիստում այս հարցը կդրվի քննարկման։ Հիմա նախատեսում ենք հետևել կառավարության նիստի օրակարգին։ Եթե քննարկման դրվի, երթը չի լինի, կսպասենք որոշմանը, իսկ եթե չդրվի, ապա երթով կգնանք կառավարություն»,– ասաց Մկրտչյանը։

Նշենք, որ Վահրամ Մկրտչյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքի իր էջում. «Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից»,– գրել էր նա։