ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին. Մարուքյան

Նախագահությունը կորցնելը կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք

Մենք միշտ ասել ենք, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վերջինս անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուն, ասաց. «Նախագահությունը կորցնելն, այո, կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետեւանք: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»:

Նա չհամաձայնեց իշխանությունների կողմից հնչող տեսակետին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այնքան էլ կարեւոր չէ, ավելի կարեւոր է հասկանալ առկա խնդիրները եւ փորձել դրանք լուծել:

 «Դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելու հարցը: Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Ասում են՝ կարեւոր չի ով է նախագահությունում, եկեք խնդիրները լուծենք, բայց եթե ունես նախագահություն ավելի հեշտ կարող ես այդ խնդիրները լուծել: Իսկ երբ նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում: Նաեւ այդ հարցի վրա է պետք կենտրոնանալ»,-ասաց նա: