Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային խաղում Գերմանիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ Ռայան քաղաքի «Խալիֆ» միջազգային մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկում Ճապոնիայի ընտրանին նույնիսկ չէր էլ փորձում «երկրորդ համարով» խաղալ աշխարհի քառակի չեմպիոնների դեմ և բավականին սուր գրոհներ էր կազմակերպում: Դրանցից մեկի ժամանակ ճապոնացիները նույնիսկ դարձան գոլի հեղինակ, սակայն մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց: Վիճակագրությամբ, սակայն, Գերմանիայի ընտրանին տիրում էր գնդակին 76/12 հարաբերակցությամբ: Բունդեսմանշաֆթը հաջորդաբար գրոհներ էր կազմակերպում` այդպես էլ չգտնելով Ճապոնիայի ընտրանու ամենախոցելի անկյունը: Խաղի 31-րդ րոպեին Ճապոնիայի ընտրանու դարպասապահը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկան Գյուլդոգանը: Խփած գնդակից հետո Գերմանիայի ընտրանին սկսեց առավել շատ գրոհել:
Երկրորդ կեսում հավաքականների գրոհներն առավել արագ էին և լի սրությամբ: Նույնիսկ մի պահի Ճապոնիայի ընտրանուն փրկեց դարպասաձողը: Բայց ճապոնացիները չդադարեցին հակագրոհել և դրանցից մեկը բերեց իր ցանկալի արդյունքին: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Ռիտսու Դոան: «Ծագող արևի երկրի» ներկայացուցիչները չբավարարվեցին ձեռք բերածով` խփելով նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տակումա Ասանոն:
Գերմանիա-Ճապոնիա` 1:2:
E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ընտրանին կխաղա Իսպանիայի, իսկ Ճապոնիան` Կոստա Ռիկայի դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին:
0Comments