Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո
Հունիսի 20, 2025

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո

Telegram մեսենջերի 40-ամյա հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ վերջերս կտակ է կազմել՝ իր աշխատանքի հետ կապված ռիսկերի պատճառով։ Այս մասին գործարարը պատմել է Le Point-ին տված հարցազրույցում։ 

«Ազատությունների պաշտպանության պատճառով ի հայտ են գալիս բազմաթիվ թշնամիներ, այդ թվում՝ հզոր պետություններում։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին, ինչպես նաև իմ հիմնադրած Telegram ընկերությունը։ Ես ուզում եմ, որ Telegram-ը հավերժ հավատարիմ մնա այն արժեքներին, որոնք ես պաշտպանում եմ», - ասել է Դուրովը։

Գործարարի խոսքով՝ «իր անհետացման» դեպքում ընկերության կառավարումը կստանձնի ոչ առևտրային հիմնադրամը: Դուրովի փոխանցմամբ՝ իր նպատակն է «ապահովել հարթակի շարունակականությունը»:

«Ես ուզում եմ, որ այն շարունակի գոյություն ունենալ անկախ՝ հարգելով անձնական կյանքը և խոսքի ազատությունը», - ընդգծել է միլիարդատերը։

Դուրովը նշել է, որ կտակը կազմվել է բոլորովին վերջերս, և, ըստ փաստաթղթի, երեխաները ժառանգությանը հասանելիություն չեն ստանա «մինչև 2025-ից սկսվող 30-ամյա ժամկետի լրանալը». այսինքն՝ միլիարդատիրոջ երեխաները հոր թողած ժառանգությունը կկարողանան ստանալ միայն 30 տարի անց։

Նա իր որոշումը բացատրել է այսպես. ցանկանում է, որ երեխաները «ապրեն ինչպես սովորական մարդիկ», սովորեն վստահել միմյանց և կառուցել իրենց սեփական կյանքը, և որպեսզի նրանք «կարողանան ստեղծել և կախված չլինեն բանկային հաշվից»։

«Ուզում եմ պարզաբանել, որ ես տարբերություն չեմ դնում իմ երեխաների միջև. կան երեխաներ, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով, և այնպիսիք, որոնք ծնվել են սերմի դոնորության արդյունքում: Բայց նրանք բոլորն իմ երեխաներն են, և բոլորը կունենան նույն իրավունքները։ Ես չեմ ուզում, որ նրանք միմյանց «պատառոտեն» իմ մահից հետո», - ընդգծել է Դուրովը։

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ինքը 3 զուգընկերուհիներից ունի 6 երեխա, իսկ սերմի դոնորության արդյունքում 12 երկրներում ծնվել է ավելի քան 100 երեխա։

Դուրովը նշել է, որ ինքը մնում է Telegram-ի միակ բաժնետերը և ընկերության 100%-ի սեփականատերը։ Նրա խոսքով՝ սա «Telegram-ի լիակատար անկախությունը երաշխավորելու միակ միջոցն է»։

«Ես դաս քաղեցի VKontakte-ի պատմությունից։ Հենց որ կիսում ես վերահսկողությունը գործընկերոջ հետ, կորցնում ես ազատությունը», - բացատրել է նա։

Forbes-ը Դուրովի կարողությունը գնահատում է 17,1 միլիարդ դոլար, նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում 134-րդն է և ռուսաստանցի գործարարների շարքում ութերորդը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս