Սամվել Բաբայանը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել արցախյան պատերազմի մասին, նսեմացնելով առաջին ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա,մասնավորապես, նշել է. «Սամվել Բաբայանը, անկասկած, նշանակալի դերակատարություն է ունեցել արցախյան առաջին պատերազմի հաղթանակների ապահովման գործում, հատկապես 1993֊ի հուլիսիսից մինչեւ 1993 թվականի նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Այդ հաղթանակները, սակայն, առաջին հերթին ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղական ղեկավարությունների համակարգված գրագետ, անձնուրաց եւ կազմակերված թիմային աշխատանքի շնորհիվ։ Սամվել Բաբայանի հետեւողական եւ տեւական ջանքերը սեփական անձին վերագրել այդ հաղթանակների վաստակը, իր իրական վաստակի վրա ավելացնել չեղածը, ինչպես նաեւ նսեմացնել եւ վարկաբեկել այլոց արածը, արժեզրկում է առաջին հերթին հենց իր կերպարը եւ վնաս հասցնում հայ ժողովրդի տարած հաղթանակի արժեքին եւ գնահատմանը։
Քաղաքական կասկածելի դիվիդենտներ քաղելու նպատակով Սամվել Բաբայանն իրեն ներկայացնում է նաեւ որպես 1994 թվականին պատերազմի շարունակման կողմնակից, հայտարարում է, որ նա ստորագրել է ընդամենը «մի փաստաթուղթ՝ 2 ամսով հրադադար», եւ ավելացնում, որ «հետո 95 թվականին պարլամենտյորները ստորագրել են ինչ֊որ մի փաստաթուղթ Բիշքեկում», որի հետ, հետեւաբար, իր ստորագրածը ոչ մի կապ չունի (Բորիս Մուրազիի հետ հարցազրույցը, Politik.am-ում)։
Մայիսի 17֊ին Ղարաբաղյան կարգավորման պատմությանը նվիրված բանախոսության ընթացքում, ի թիվս այլ փաստերի, ներկայացրեցի Կազիմիրովի “Мир Карабаху” գրքից վերցրած 1994 թվականի մայիսի 12֊ի զինադադարի փաստաթղթի բնագիրը, որը ստորագրված է Սամվել Բաբայանի կողմից։ Հրապարակված տեքստից բխում է երկու փաստ, որոնք հերքում են Բաբայանի ասածները։ Պարզվում է, որ նրա կողմից ստորագրված փաստաթղթում ոչ մի խոսք չկա «երկու ամսվա» մասին, այսինքն՝ Սամվել Բաբայանը ստորագրել է ԱՆԺԱՄԿԵՏ զինադադար եւ վերցրել իր վրա խախտման ոչ ենթակա զինադադարի պարտավորություն։ Բացի այդ, պարզվում է, որ Սամվել Բաբայանի ստորագրած փաստաթուղթը ուղիղ հղում է 1994 թվականի մայիս 5-ին Բիշքեկում ստորագրված Բիշքեկյան պրոտոկոլը, որի մասին Բաբայանն պնդում էր, որ այն ստորագրվել է 1995 թվականին եւ կապ չի ունեցել իր ստորագրածի հետ։
Այս բացահայտումից հետո Սամվել Բաբայանն իր «մամլո ծառայության» միջոցով հանդես է եկել երկարաշունչ մի «հերքման» տեքստով, որին կցել է նույն այն փաստաթուղթը, որը ես ներկայացրել էի հանրության ուշադրությանը եւ որը ապացուցում է զինադադարի անժամկետ լինելը։ Ավելին, Բաբայանը նաեւ ներկայացրել է 1994 թվականի հուլիսի 27֊ին ստորագրված մի փաստաթուղթ, որով էլ ավելի է ամրապնդվել զինանդարը, քանի որ կողմերը ԱՆԺԱՄԿԵՏ պարտավորություն են վերցրել՝ «պահելու զինադադարի ռեժիմը ընդհուպ մինչեւ մեծ համաձայնագրի կնքումը», ինչը, ի դեպ, խախտվեց Ադրբեջանի կողմից 2016֊ի ապրիլյան պատերազմի ժամանակ։
Ստացվում է, որ Բաբայանն իր «հերքումով» ոչ թե հերքում է, այլ հաստատում է իմ ասածը, զավեշտալի վիճակ, որում Բաբայանը չէր հայտնվի, եթե չփորձեր ապացուցել անապացուցելին։
Նույնքան «իմաստալից» են ռազմական գործողությունների հետ կապված «հերքումները», որոնք չեն ժխտում իմ կողմից տրված որեւէ տեղեկություն, իսկ ստրատեգիական նշանակութուն ունեցող Հորադիզի կայարանի կորուստը շատ «համոզիչ» կերպով ներկայացնում որպես «մարտավարական հնարք»։
Արցախյան պատերազմի բոլոր «վոյիններին», այսինք՝ նրանց, ովքեր փորձում են սեփականաշնորհել արցախյան առաջին պատերազմի մեծ հաղթանակը, միայն մեկ խորհուրդ ունեմ. իրոք տեղի ունեցած հերոսամարտը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության, դրանով դուք վնասում եք եւ ձեզ, եւ մեր ժողովրդին։ Շատ ավելի լավ կլինի պատմությանը թողնել ձեր իրապես գովելի ծառայությունների գնահատումը»։