Թուրքիայի իրավապահ մարմինները ուրբաթ ձերբակալել են 56 զինվորականի և 9 ոստիկանի՝ մեղադրելով նրանց արգելված «Հիզմեթ» կազմակերպությանը մասնակցելու համար: Այն ղեկավարում էր թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը, որն անցյալ տարվա հոկտեմբերին մահացել է Միացյալ Նահանգներում։
Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» կազմակերպությանը մեղադրում են «պետության մեջ պետություն» ստեղծելու համար։ Նրանց նաև պատասխանատու են համարում երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար։ Այդ ժամանակ զոհվել էր մոտ 250 մարդ։ Հեղաշրջումը ճնշվել էր, հետաքննության ընթացքում մոտ 77.000 մարդ էր կալանավորվել, իսկ ևս 130.000-ը՝ ազատվել պետական ծառայությունից։
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի 45 աշխատակցի, այդ թվում՝ կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մի քանի բարձրաստիճան օգնականի, հաղորդում է Anadolu-ն։
AFP-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի համար կասկածվող պաշտոնյաների դեմ գործողությունը սկսվել է մայիսի 20-ին և այդ օրը ձերբակալվել է ևս 20 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իմամօղլուի հետ կապված կա «աննախադեպ հանցավոր կազմակերպություն»։
Երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, կարծում է, որ իշխանությունների այս գործողությունները նպատակ ունեն խոչընդոտել կուսակցությունը ներկայացնող Իմամօղլուի մասնակցությունը 2028-ի նախագահի ընտրությանը: