Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումը։
Այս մասին հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը՝ առանց լրացուցիչ մանրամասների։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ նախագահը մայիսի 14-ին կհանդիպի իր սիրիացի գործընկերոջ հետ Էր Ռիադում կայանալիք Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի գագաթնաժողովից առաջ։
Տեղեկություններ կան նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հանդիպում կանցկացնի սիրիացի գործընկերոջ հետ։
ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին՝ այդ երկրին հետագա առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով՝ նշելով, որ իր վարչակազմն առաջին քայլն է արել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։