Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ Երրորդ համաշխարհային պատերազմ բռնկվի։
«Մենք պետք է Ուկրաինային օգնենք պաշտպանվել, բայց մենք չենք ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել…. Պատերազմը պետք է դադարի, և Ուկրաինան պետք է լինի հնարավոր լավագույն իրավիճակում, որպեսզի բանակցությունների մեջ մտնի», – ասել է Ֆրանսիայի նախագահը երեք ժամից ավելի տևած հարցազրույցում։Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է սկսել այլ եվրոպական երկրների հետ քննարկումներ՝ միջուկային զենքերով զինված ֆրանսիական ռազմական ինքնաթիռները նրանց տարածքում տեղակայելու շուրջ, ինչպես անում է ԱՄՆ-ն։
Հարցազրույցում Մակրոնը նաև ուրվագծել է իր պաշտոնավարման վերջին երկու տարիների առաջնահերթությունները։ 47-ամյա Մակրոնը պետք է հեռանա պաշտոնից 2027 թվականին՝ նախագահության երկու ժամկետի ավարտից հետո։
France24-ը նշում է, որ տեսականորեն նա կարող է վերադառնալ 2032 թվականին, սակայն Ֆրանսիայի ոչ մի նախագահ նման բան չի արել։ Հարցազրույցի վերջում Մակրոնն ասել է, որ դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու 2027 թվականից հետո, և միայն կենտրոնացած է իր առօրյա աշխատանքի վրա։