Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օկուպացված Արցախից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, պատմել է «հնարավորությունների» մասին, որոնք կբացվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, ըստ Էրդողանի, Հայաստանը «ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, սակայն այժմ «ավելի ճկուն դիրքորոշում է զբաղեցնում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։
«Մենք այս գիծը դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական զարգացում կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները կհատեն Կասպից ծովը և ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան գնացող ապրանքները նույնպես կսկսեն անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է նաև Չինաստանից եկող ճանապարհին», - ասել է Թուրքիայի նախագահը։
«Այս գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով Զանգեզուրի գծի նշանակությունը բեռնափոխադրումների ոլորտում աճում է և կշարունակի աճել։ Միջին միջանցքն իր ողջ հզորությունն ստանում է հենց այստեղից։ Կարևոր է, որ Միջին միջանցքն ինտեգրվի Զանգեզուրի գծին և դրան ինտեգրվելուց հետո նման գործառույթ ունենա բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրան մեծ նշանակություն է տալիս... Սա կլինի մի գիծ, որը կանցնի Իգդիրով և կշարունակվի՝ ինտեգրվելով Նախիջևանին», - հայտարարել է Էրդողանը։