«Հրապարակ» թերթը գրում է. «Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչեւ 2026-ը՝ մինչեւ համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։
Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։
Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում։ Հանուն իշխանության վերարտադրության եւ ՔՊ-ի նկատմամբ վստահության բարձրացման, Փաշինյանը նոր քայլեր է մտածելու, դրանցից ամենաաշխատողն արյան ծարավ ամբոխին զոհեր մատուցելն է, իսկ, որպես կանոն, «զոհաբերում» են ամենանվիրվածներին»:
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից, հաղորդում է The Guardian-ը։
WikiLeaks-ը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։
Ակնկալվում է, որ Սայպանում կայանալիք լսումների ժամանակ Ասանժը կընդունի իր մեղքն ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար և նրան թույլ կտան վերադառնալ Ավստրալիա, ասվում է դատական փաստաթղթերում:
Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա:
Իսկ թե ինչո՞ւ է վճիռը կայացվելու Սայպան կղզում, Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է՝ «ամբաստանյալի քաղաքացիության երկրին մոտ լինելու համար»։ Պաշտոնյան հավելել է, որ լսումների ավարտից հետո Ասանժը պետք է մեկնի Ավստրալիա:
Wikileaks X-ում հայտնել է, որ Ասանժը լքել է Բելմարշ բանտը երկուշաբթի առավոտյան՝ այնտեղ 1901 օր մնալուց հետո։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ ընդունելու նստաշրջանում քննարկված, անավարտ մնացած նախագծերը։ Խոսվում է, որ վարկային համաձայնագիր էլ պետք է վավերացվի։
Այսինքն, պետական պարտքի` 12 միլիարդի շեմն անցնելը դաս չի եղել այս իշխանության համար:
Իշխանական օրենսդիր մարմնի ակտիվին հուլիսյան արտահերթից առաջ ռելաքսի հնարավորություն են տվել․ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն աչք չեն բացում բյուջեի հաշվին ճամփորդություններից։ Խորհրդարանը տուրբազա է հիշեցնում` ՔՊ-ականներին աշխարհի տարբեր երկրներ գործուղման անվան տակ վոյաժների է ուղարկում` հանգստանալու, կազդուրվելու։
Պատգամավոր էլ կա՝ երկրից երկիր է գնում. Վիլեն Գաբրիելյանը, օրինակ, հունիսի 23-ին Վիեննայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվող Supplementary Human Dimension Meeting III (2024) աշխատաժողովին, որտեղից անմիջապես կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսի 25-27-ը։ Իսկ մի ժամանակ նույնիսկ սրճարան հաճախել ամեն օր չէր կարողանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։
Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։
Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երեւանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 3-4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է նա։
Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։
Ֆրանսիական զինված ուժերը մոտ ապագայում չեն մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Generation Do it Youtself պոդքասթի հաղորդավար Մաթյո Ստեֆանիի հարցին։ Պոդքաստի ձայնագրությունը հասանելի է Agence France-Presse-ին:
«Չեմ կարծում, որ պատերազմը կգա մեր տարածք. ուզում եմ ձեզ հանգստացնել: Մենք նաև հենց վաղը չենք մասնակցի ռազմական գործողություններին ուկրաինական տարածքում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել դրանում»,-ասել է նա:
Նախագահը հավելել է, որ հասկանում է նրանց, ովքեր վախենում են, որ հակամարտությունը կտարածվի Ֆրանսիայի վրա:
Երևանում հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Մոսկվան մանրամասն կվերլուծի Եվրամիության սահմանած նոր հակառուսական պատժամիջոցները և պատասխան քայլեր կձեռնարկի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Նոր հայտարարված այս բոլոր միջոցառումները մանրազնին կվերլուծվեն և պատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է Գրուշկոն։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ ԵՄ-ն ընտրել է քաղաքական, տնտեսական և ռազմական էսկալացիայի ճանապարհը։
«Ռուսաստանը սահմանափակումների նոր փաթեթի առնչությամբ նույն բանն է մտածում, ինչ նախորդ 13 փաթեթների մասին էր մտածում՝ ԵՄ-ն գնում է քաղաքական, տնտեսական և ռազմական էսկալացիայի ճանապարհով՝ հաշվի չառնելով սեփական տնտեսության , քաղաքացիների բարեկեցության և անվտանգության վրա ունեցած հետևանքները»,- ասել է Գրուշկոն։
Նշենք, որ հունիսի 24-ին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ ԵՄ-ն սահմանափակումներ է կիրառել նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Թուրքիայի 61 ընկերությունների նկատմամբ՝ արգելվում է այդ ընկերությունների արտադրած երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։
Փաշինյանի պնդումը, որ իրենց առաջ քաշած օրակարգը համընկնում է ժողովրդի օրակարգի հետ՝ իրականության հետ առնչություն չունի։
Մեր վերջին հարցումները վկայում են, որ միայն 12.8 տոկոսն է պատրաստ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը ենթադրում է, որ այդ կուսակցության գաղափարներին ու ծրագրերին մեր քաղաքացիներից միայն այդքանն են պատրաստ աջակցել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Երեկ ՔՊ-ի քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմադիր շարժումները Հայաստանում «տապալվում են», որովհետեւ իրենց առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընկալելի է ժողովրդի կողմից։
Ա. Նավասարդյանի արձանագրմամբ՝ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում շուրջ 10 տոկոսը։
«Այստեղ ևս չի կարելի ասել, որ Փաշինյանի գործողությունները ողջունվում են լայն հասարակության կողմից, դրա մասին էր վկայում նաև Սրբազանի առաջնորդած շարժումը։ Մենք տեսնում ենք, որ բավականին լայնածավալ բողոքի ցույցեր էին և չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի աջակիցներին փողոցում։ Չեմ բացառում, որ նրանք կան, բայց եթե մենք խոսում ենք 1998-20 թթ. աջակցության մասին, ապա դրանից գրեթե ոչինչ չկա։
Այնպես որ՝ Փաշինյանը կարող է ինչ-որ բաներ խոսել, բայց մենք ականատես ենք եղել, որ նրա խոսույթները հետագայում դարձել են առոչինչ կան սուտ», – նշել է նա։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է զարմացած, որ ինքը դեռ շարունակում է մնալ իշխանության՝ Նավասարդյանն ասել է, որ սա չի նշանակում, որ ընդդիմադիրներն ունեն աջակցություն։
«Այստեղ խոսքն այն մասին է, որ իր դեմ տարվող պայքարը պետք է լինի ավելի համակարգված ու ավելի ճիշտ։ Օրինակ, ինքս Սրբազանի առաջնորդած շարժումը ողջունում եմ, բայց անգամ ես չէի պատկերացնում, որ կլինի մարդ, որը կկարողանա համախմբել և առաջնորդել նման շարժում։
Ցավոք, վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ շատ են խմբերն ու կուսակցություններ, որոնք խոչընդոտում են որպեսզի շարժումը հաջողվի»,- ասել է նա։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ հենց ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների, որոնք ունեն իրենց օրակարգը, մտայնությունները և գործում են իրենց կուսակցության շահերից ելնելով, ոչ թե՝ երկրի կամ ազգի շահերից ելնելով։
«Ավելին, վերջին շրջանում ես նկատում եմ գզվռտոց ընդդիմադիր ուժերի միջև, որոնք, մեկը մյուսի հանդեպ նախապայմաններ ներկայացնելով, խոսում են այն մասին, որ մասնակցությունը պետք է լինի առանց նախապայմանների։ Սա այն եզակի դեպքերից է, որ չենք կարող մեղադրել Նիկոլ Փաշինյանին, չեմ բացառում, որ իր մասնակցությունն այս պրոցեսներին կա, բայց ոչ մի իշխանություն՝ իշխանությունը սկուտեղի վրա չի հանձնում ընդդիմադիրներին։ Հասկանալի է, որ պետք է պայքարեն իրենց իշխանության համար։
Գործը մնում է ընդդիմադիր դաշտի գործիչներին, թե որքանով նրանք հասուն են, գիտակից, որպեսզի կարողանան նստեն ու որոշակի ժամանակահատված պայմանավորվածություններ ձեռք բերեն, ոչ թե միմյանց հանդեպ նախապայմաններ դնեն, անցյալը հիշեցնեն։ Դա չի նպաստում սրբազանի կողմից առաջնորդած շարժման զարգացմանը»,- հավելել է Նավասարդյանը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌԴ-ում , մասնավորապես Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ ձնծաղիկներն են։ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել, ընդորում, այդ սխալը ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս, հետոհասկանումևուղղում։
Թուրքիան մեր տարածաշրջանն դեռ ամբողջական իրենով չի արել, անցել է արդեն կանխատեսելի ՌԴ հարավին։ Ինչու եմ ասում Թուրքիա, քանի որ ահաբեկիչները, ըստ տարածված տեղեկատվության, ակտիվ համագործակցում են թուրքական գորշ գայլերի հետ։
Իսկ գորշ գայլերը Էրդողանի ոչ պաշտոնական ուժն է, անտես ձեռքերն են․․․»: