«Շտապ օգնություն» ՓԲԸ աշխատակիցները դժգոհ են աշխատանքային ծանր գրաֆիկից եւ բժշկական ապահովագրության բացակայությունից: Նախօրեին երկու բժիշկ՝ Տարոն Սարիբեկյանը եւ Վահրամ Բուլղադարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել:
Տարոն Սարիբեկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց մի շարք հրատապ խնդիրների մասին, որոնք լուծման կարիք ունեն: «Մենք աշխատանքային շատ ծանր գրաֆիկ ունենք: Մեր հերթափոխը տեւում է 24 ժամ, մենք սարսափելի հոգնում ենք: Կա՛մ պետք է հանգստի ժամ սահմանվի, կա՛մ հերթապահության ժամերը պետք է կրճատվեն»,- նշեց նա:
Սարիբեկյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ «Շտապ օգնության» մեկ բրիգադը կարող է օրական սպասարկել մինչեւ 30 կանչ, մինչդեռ արտասահմանում այս թիվը սահմանափակվում է 13-ով: ««Շտապ օգնություն» են կանչում ալկոհոլամոլները, քրոնիկ հիվանդները, որոնք անհրաժեշտ դեղերը գնելու հնարավորություն չունեն…Դրա պատճառով մենք չենք հասցնում սպասարկել անհետաձգելի կանչերը»,- շեշտեց բժիշկը:
«Շտապ օգնության» բժիշկների դժգոհությունն է հարուցում նաեւ բժշկական ապահովագրության բացակայությունը: «Առողջապահության նախարարությունը մեզ անտեսում է, չնայած մենք բուժաշխատողների առավել խոցելի խումբն ենք: «Շտապի» մեքենաները վթարի են ենթարկվում, ինչի հետեւանքը ստացած վնասվածքներն են: Դրանից բացի, բժիշկների վրա հարձակումներ են կատարվում: Անձամբ ինձ վրա մեկ տարի առաջ պացիենտը հարձակվել է դանակով, եւ այս գործը, իմ կարծիքով, չհիմնավորված կերպով փակվել է»,- հայտարարեց Սարիբեկյանը:
Բժիշկը ուշադրություն դարձրեց նաեւ պարգեւավճարների բացակայությանը, մինչդեռ մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակիցներին, որի իրավազորության ներքո է գտնվում «Շտապ օգնություն» ՓԲԸ-ն, տարեվերջին տպավորիչ պարգեւատրումներ են կատարել:Սարիբեկյանը հայտնեց, որ 24-ժամյա հերթափոխի համար բժիշկը 18500 դրամ է ստանում, իսկ վարորդը եւ բուժքույրը՝ 10 հազար դրամ:
«Ամսվա ընթացքում բժիշկը 6-7 հերթապահություն ունի, բուժքույրը՝ 7-8, վարորդը՝ 10: Մեր ամսական աշխատավարձը ձեւավորվում է հերթապահությունների քանակից», - ասաց նա:
Ի թիվս այլ խնդիրների նշվեց նաեւ այն, որ բուժանձնակազմը ստիպված է սեփական միջոցներով համազգեստ գնել: Օրինակ՝ բժշկի համազգեստն արժե մոտ 14 հազար դրամ, իսկ ձմեռային կուրտկան՝ 30 հազար դրամ:
«Մենք բազմիցս մեր խնդիրների մասին հայտնել ենք ղեկավարությանը, այդ թվում նախօրեին՝ խորհրդակցության ժամանակ: Այն համաձայն է մեր պահանջների հետ եւ մենք ոչ մի բողոք չունենք նրանց դեմ: Բանն այն է, որ հարցերի լուծումը տարբեր կառույցների ներգրավվածություն է պահանջում՝ լինի ԱՆ-ն կամ Երեւանի քաղաքապետարանը», - նշեց Սարիբեկյանը:
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոստովանեց, որ ավտոպարկի համալրումից հետո աշխատանքի լարվածությունն աճել է: «Միջինում մենք օարական 800 կանչ ենք ստանում: Սա շատ ծանր աշխատանքային գրաֆիկ է», - ասաց նա:
Ստեփանյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ անցյալ տարի պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է: Բացի այդ նրանք բժշկական ապահովագրություն ունեն:
Բժշկական ապահովագրություն ունենալու «Շտապ օգնության» աշխատակիցների ցանկության մասին մենք տեղեկացրել ենք մեր ղեկավարությանը՝ ի դեմս քաղաքապետարանի եւ պատասխան ենք սպասում», - ասաց տնօրենը:
Մինչ այդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի 2019 թվականի բյուջեն կրճատվել է:
«Այդ կապակցությամբ մենք չենք կարող մեզ աշախտավարձի բարձրացում կամ այլ ծառայություններ թույլ տալ», - նշեց նա՝ հրաժարվելով նշել հստակ գումարը, քանի որ բյուջեն դեռ չի հաստատվել:
«Մինչդեռ մենք բյուջեի աճի հույս ունեինք «Շտապ օգնության» խմբերի թվի ավելացման տեղեկատվության կապակցությամբ», - ասաց նա:
«ԱՆ-ն մեզ անտեսում է»
«Շտապ օգնության» աշխատակիցները նշում են աշխատանքային ծանր գրաֆիկի եւ բուժապահովագրության բացակայության մասին
0Comments