Վիտալի Բալասանյանն ընդունել է Սասուն Խաչատրյանի հրավերը

Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից

Այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում ասվում է.

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Եռաբլուրում, մեկնաբանելով մարտի 1-ի գործի հետ կապված հարցադրումները, Բալասանյանն ասել էր. «Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք՝ ամոթ ա մեզ. 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էր: Բանակն այդպիսի զինատեսակ էլ չունի, երբևիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի՞ եք խառնում ամեն ինչ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր. «Ի՞նչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտե՞ք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու: Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ»:

Բալասանյանի այս հարցուպատասխանից հետո, լրագրողները Բանակի տոնին նվիրված միջոցառումից առաջ հարցեր էին ուղղել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Վերջինս ասել էր.

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից: Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»: Փաստորեն Բալասանյանն ընդունել է Սասուն Խաչատրյանի հրավերը: