Կենտրոնական բանկը հորդորում է

Վարկեր ստանալու համար դիմեք միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին

Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է.

1.     Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես և ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին:

2.    ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:

3.    ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում և իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում: Բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաև «օն-լայն» վարկեր:

4.    Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին, հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին:

 

5.    Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու և այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի www.abcfinance.am կայք:

6.    Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ  ԿԲ պաշտոնական կայքից՝ www.cba.am:

7.    Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով www.fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից և վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: