ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դիմել է Վենեսուելայի իշխանություններին՝ նախազգուշացնելով, որ երկրում գտնվող ամերիկացի դիվանագետների կամ իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած, ընդդիմության 35-ամյա առաջնորդ Խուան Գուաիդոյի դեմ բռնության կիրառման դեպքում, Վաշինգտոնը լուրջ պատասխան կտա, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը:
«Ամերիկյան դիվանագիտական անձնակազմի, երկրի ժողովրդավար առաջնորդ Խուան Գուաիդոյի կամ Վենեսուելայի Ազգային ժողովի նկատմամբ բռնության կամ սպառնալիքի կիրառումը կդիտվի որպես օրենքի սարսափելի խախտում ու լուրջ պատասխան կստանա»,-հայտարարել է Բոլթոնն իր թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Գուաիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել, ինչից հետո նրա կարգավիճակը ճանաչել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Կանադան ու Կոլումբիան:
Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին, որի պնդմամբ՝ ինքն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհն է:
Մադուրոն Միացյալ Նահանգների հետ խզել է դիվանագիտական կապերը, իսկ Վաշինգտոնն էլ Վենեսուելայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը:
Մադուրոն հայտարարել է, որ Գուաիդոն Միացյալ Նահանգների «խամաճիկն» է, ու անում է այն, ինչ նրանք են ասում:
Նշվում է, որ Վենեսուելայի բարձրագույն ռազմական ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին:
0Comments